News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կրկին բուռն բանավեճ է սկսվել Հայաստանում օտարալեզու 11 դպրոցների բացման վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ: Կառավարության այս նախաձեռնության ընդդիմախոսները հերթական անգամ բարձրաձայնեցին իրենց մտահոգությունների մասին, նշելով, որ Հայաստանում 11 օտարալեզու դպրոցների բացումը կարող է բացասաբար անդրադառնալ «հայ դպրոցականների ազգային ինքնագիտակցության վրա»:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերթական անգամ ներկայացրեց համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, եւ նշեց, որ  որոշում է ընդունվել անփոփոխ թողնել «Լեզվի մասին» օրենքն ու փոփոխություններ մտցնել միայն  «Հանրակրթության մասին» օրենքում: Նա նշեց, որ օրենքի գլխավոր նպատակը միջազգային փորձը Հայաստանի կրթական միջավայր ներմուծելն է, կրթական մարկարդակի բարձրացումն ու կրթական ոլորտում բազմազանություն ապահովելը: Նախարարը հայտարարեց, որ օրենքի նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են եւ դրանում հնարավոր է  մտցվեն տեխնիկական շտկումներ: Բացի այդ, Աշոտյանն ընդգծեց, որ օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը չի ազդի մայրենի լեզվի կամ հայագիտական առարկաների ուսուցման վրա: «Բերեմ օրինակ՝ Հայաստանը Հարավային Կովկասի երկրների ցանկում վերջին տեղն է զբաղեցնում՝ 16-35 տարեկանների շրջանում օտար լեզվի իմացության մակարդակով»,-նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ այս հանգամանքը  պետք է խորհելու առիթ տա:

Նկատենք, որ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողները պնդում են, որ օտար լեզուներ պետք է սովորել, բայց միայն հայերենի հիմքի վրա, որ օտար լեզուներ սովորելու միակ տարբերակն այն չէ, որ հայ երեխան կրթվի օտար լեզվով: Ուղղակի պետք է բարձրացնել օտար լեզուների, ինչպես նաեւ այլ առարկաների  ուսուցման մակարդակը դպրոցներում: Ի վերջո, կրթական մակարդակը բոլորովին կապ չունի, թե ինչ լեզվով է դա իրականացվում, կարելի է ասենք ռուսերենով կամ անգլերենով ցածր մակարդակի կրթություն ապահովել, իսկ հայերենով բարձր, կամ ընդհակառակը: Լեզուն այստեղ ոչ մի կապ չունի:

Աշոտյանի խոսքով՝ օրենքի ընդունման դեպքում Հայաստանում առաջին օտարալեզու դպրոցը կարող է բացվել 2012-2013  թվականներին: Ընդ որում, այդ դպրոցները չեն արտոնագրվելու, այլ գործելու են փոխադարձ ճանաչման հիմքի վրա: Եզրափակելով իր խոսքը՝ Կրթության եւ գիտության նախարարը շնորհակալություն հայտնեց օրենքի նախագծի բազմաթիվ ընդդիմախոսներին՝ կառուցողական բանավեճի համար:

Նշենք, որ օրենքով նախատեսված է Հայաստանում 11 օտարալեզու դպրոց ստեղծել, որոնց թվում երկու մասնավոր դպրոց է հիմնվելու Դիլիջանում եւ Ջերմուկում, որտեղ սովորելը կարժենա տարեկան մոտ 20 հազար դոլար: Հիշյալ դպրոցներում օտար լեզվով բազային կրթության անցումը նախատեսված է իրականացնել 7-րդ դասարանից: Մնացած 9 դպրոցները կբացվեն միջպետական համաձայնագրերի հիման վրա, որոնցում օտար լեզվով կրթությունը կիրականացվի սկսած 9-րդ դասարանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ