Պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ հետախուզության պետ, կոչումով մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործով դատաքննությունն այսուհետ կանցկացվի դռնփակ: Այսօր՝ ապրիլի 20-ին, նման որոշում կայացրեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով դատախազի միջնորդությունը:
Գործով դատախազն իր միջնորդությունը մեկնաբանեց հանգամանքով, որ պետական գաղտնիք պարունակող քրեական գործ է եւ նպատակահարմար չէ գործում առկա նյութերին ծանոթանան ամբաստանյալի հարազատները կամ լուսաբանվեն լրատվամիջոցներով: Չնայած պաշտպանական կողմը համաձայն չէր այս միջնորդության հետ, դատավոր Վահե Խալաթյանը բավարարեց այն:
Նշենք, որ մինչեւ այս միջնորդության քննարկումը, դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության՝ Գարիկ Մարությանն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:
Գարիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գարիկ Մարությանն իր խոսքում նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ համաձայն չէ գործն արագացված կարգով քննելուն:
Նիստը շարունակվեց դռնփակ:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով Գարիկ Մ.-ն կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ»:
.jpg)




























