Ջորջ Քլունիի` միջազգային «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելությունը համաշխարհային շատ պարբերականների եւ լրատվական գործակալությունների թեման է դարձել:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հայերի հետ ոգեկոչել է օսմանյան թուրքերի կողմից 1,5 մլն հայերի սպանության 101-րդ տարելիցը, գրում է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ Քլունին արտահայտվել է այն երկրների օգտին, որոնք սպանությունները որպես ցեղասպանություն են ճանաչել, ինչը չեն արել Միացյալ Նահանգները:
France Presse գործակալությունը Քլունիին անվանում է «զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համոզված ջատագով», ընդգծելով, որ դերասանը մասնակցել է «Երեւանում հուզական միջոցառումներին»:
Քլունին՝ Հոլիվուդի 54-ամյա աստղը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ երգիչ Շառլ Ազնավուրի հետ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, գրում է Deutsche Welle-ն։
Համաշխարհային լրատվամիջոցները մանրամասն նկարագրել են Քլունիի ելույթը, որը նա արտասանել էր մրցանակաբաշխության ժամանակ եւ հայտարարել, որ ինքը միգրանտների սերունդ է։
«Ջորջ Քլունին Հայաստանում մարդասիրական կոնֆերանսի ժամանակ նկարագրել է, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել սովից՝ կոչ անելով աշխարհին հիշել, որ փախստականները նույնպես մարդիկ են, ինչպես բոլորը»,- գրում է The Telegraph-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ Քլունին նշել է, որ դահլիճում բոլոր ներկաները ինչ-որ մի մարդու թանկ արարքի արդյունք են։





























