Ապրիլի 27-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետեւանքով վիրավորված 3 զինծառայողներից մեկին տեղափոխել են Երեւան: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը նշել էր, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը, ինչի հետեւանքով երեք հայ զինծառայող է վիրավորվել. նրանցից մեկը ծանր վիճակում է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում եւ ծանր է համարվում վիրավորման ծավալով, նա բեկորային վնասվածք է ստացել ազդրի հատվածում եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի: Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորներին, Խաչատրյանը նշել էր, որ նրանց վիճակը բավարար է. զինծառայողներից մեկը հարվածային ալիքի հետեւանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը՝ թոքի բեկորային վնասվածք:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաեւ այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ եւ այլ խաղաղ բնակավայրեր:




























