Ղարաբաղի բանակցություններում առաջընթաց է եղել այն ժամանակ, երբ Բաքուն բանակցում էր Ստեփանակերտի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, Բիշքեկյան արձանագրությունները, նաեւ դրան նախորդած բանակցությունները շատ կարեւոր էին եւ հիմք էին, որից հետո կնքվեց բուն զինադադարի պայմանագիրը:
«Բիշքեկը անսպասելի չառաջացավ, որովհետեւ մինչ այդ եղել է երկար գործընթաց: Դեռեւս 1993 թվականի դեկտեմբերից հենց Բաքուն ուղղակի բանակցությունների մեջ մտավ Ստեփանակերտի հետ եւ եղան բազմաթիվ հանդիպումներ: Այդ ժամանակ էր այն հայտնի փաստը, որ Հեյդար Ալիեւը լիազորեց իրենց խորհրդարանի փոխխոսնակին, որպեսզի բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ: Նմանատիպ լիազորագիր ստացավ ԼՂՀ ԱԳ այն ժամանակվա նախարար Արկադի Ղուկասյանը: Մոսկվայում եղել է հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն էր եղել կարճատեւ զինադադարի եւ այդ հանդիպումը գաղտնի չէր, բաց էր: Այդտեղ համաձայնել են, որ պետք է հանդիպեն երկու երկրների ղեկավարները»,-ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով, Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Հեյդար Ալիեւի եւ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: «Դրանից հետո եղել են բազմաթիվ հանդիպումներ, որը պարարտ հող ստեղծեց, որ լինի Բիշքեկյան հանդիպումը: Այսինքն եթե Ադրբեջանն ուզում է արդյունք տեսնել, պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձեւացնի, թե այդպիսի սուբյեկտ չկա: Սա լակմուսի թուղթ է, քանի դեռ Ադրբեջանը դիմադրում է, որ Ղարաբաղը լինի բանակցային կողմ, նշանակում է շարունակում է իր քաղաքականությունը՝ օգտագործել բանակցությունները իր դեստրուկտիվ քայլերի համար»,-ընդգծել է փոխնախարարը: