ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նիստում այսօր՝ մայիսի 6-ին, որոշվեց հետաձգել պատգամավորներ Թեւան Պողոսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի նախաձեռնած «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումը, քանի որ 10 օրից կառավարությունը ԱԺ է բերելու իր նախագիծը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը խոստացել է կառավարության նախագծում ներառել նաեւ պատգամավորների առաջարկը: Նշենք որ առաջարկվում է, որ 18 տարին լրանալուց հետո բոլոր տղաները պիտի զինվորական ծառայություն անցնեն:
«Դավիթ Հարությունյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց, որ կառավարությունն ունի իր սեփական նախաձեռնությունը, որը մշակվում էր, որի մասին մենք առաջին անգամ իմացանք հարց ու պատասխանի ժամանակ: Երբ իմացանք, որ կա գաղափար եւ բոլոր պատգամավորները կարող են մասնակցել աշխատանքներին, ապա ճիշտ մոտեցումն այն է, որ համակարգված բոլորը միասնական աշխատեն եւ գան ավելի ճիշտ լուծուների, դրա համար մենք այսօրվա դրությամբ հանեցինք օրենքի նախագծի քննարկումը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը:
Ռուբեն Հակոբյանն էլ, անդրադառնալով օրենքի բովանդակությանը, նշել է, որ վերջին շրջանում ասպիրանտների 80-90 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ է, իսկ ասպիրանտուրայից հետո նրանցից 5-7 տոկոսն է զբաղվում գիտական գործունեությամբ. «27 տարին լրանալուց հետո նրանք բացարձակապես գիտությամբ չեն զբաղվում եւ դարձել են կայացած գործարարներ: Մենք կողմ ենք, որ գործարարներ դառնան, բայց ոչ գիտության հաշվին: Այս օրինագիծը միտված է նրան, որ այս ոլորտում մաքսիմում կարողանանք մեր ռեսուրսներն օգտագործել»:
Նշենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Որպես հիմնավորում նշվում էր այն հանգամանքը, որ առաջարկությունն ընդունվելու պարագայում բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետև գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես կապահովվի հավասար մեկնարկային հնարավորություն:




























