News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

36-ամյա Սուրեն Մելքումյանը Պաշտպանության բանակում ծառայում էր 19 տարի: Որոշել էր՝ ծառայությունն ավարտելուց հետո վրան է խփելու անտառում, գյուղատնտեսությամբ է զբաղվելու:

«Անտառ շատ էր սիրում, ամեն շաբաթ կեսօրից հետո գնում էինք գյուղ, Սուրենը գնում էր անտառ, հաջորդ օրը գալիս գյուղ ու միասին վերադառնում էինք Հադրութ: Ձիեր էր շատ սիրում, որսորդություն»,- պատմում է Սուրենի կինը` Արեւիկը:

Սուրենը ընկերասեր էր, հյուրասեր, սիրում էր վայելել կյանքը, ապրել այսօրվա օրով՝ հիշում է Արեւիկը: «36 տարեկանում հասցրել էր անել այն, ինչ մյուսները 60 տարում չեն անում»: Այսօր էլ Արեւիկը շարունակում է ամուսնու ավանդույթները. տուն մտած բոլոր հյուրերին հյուրասիրելուց հետո է միայն թույլ տալիս հեռանալ, պարտադիր հյուրասիրում է Սուրենի սիրած սպասքով:

Սուրեն Մելքումյանն իր չորս որդիներին դաստիարակում էր զինվորականի խստությամբ, սիրում՝ հոր քնքշությամբ: Որդիները պետք է նշանակված ժամին արդեն քնած լինեին, տղամարդ էին դառնալու հոր օրինակով: Ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձանով հպարտանան:

Մեծ որդին` Գրիգորին, սովորում է 8-րդ դասարանում: Դուդուկահար Գրիգորին հոր մահվանից հետո դուդուկին մոտ չի գնում: Փոքր որդին`Հրայրը, չորս տարեկան է: «Հրայրի ծնվելուց Սուրոն Հադրութում էր, ծաղիկներով եկել էր մեզ հիվանդանոցի բակում դիմավորելու: Երեւի տարիքից էր, փոքրին այլ կերպ էր վերաբերում»,- ասում  է Արեւիկը ու հիշում՝ Սուրենն իր ընտանիքը շատ էր սիրում: 

Սուրենենց տան ամեն ինչից բացառիկ սիրով ընտանիքի հոտ է գալիս, դպրոցական առաջին սիրով ստեղծված ամուր  ու ջերմ ընտանիքի:

Սուրենն ու Արեւիկը միասին մանկապարտեզ են հաճախել, հետո դպրոց: Տասներորդ դասարանի ավարտական երեկոյի ժամանակ Սուրենն Արեւիկին ասել է, որ զինվորական է դառնալու, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացել է, Արեւիկի հետ ապրել նախ Մարտակերտում, ապա Հադրութում:

Թե ինչ պայմաններում է զոհվել ամուսինը, Արեւիկը մինչեւ այսօր չգիտի. Սուրենը չորս ընկերների հետ օգնության է գնացել. հինգն էլ զոհվել են: Սուրենի հեռախոսահամարին մի քանի օր ադրբեջանցիներն են պատասխանել, այդ ընթացքում Արեւիկը հույս ուներ, որ ամուսինը թաքնվել է անտառում, որն այնքան սիրում էր ու լավ ճանաչում: Օրեր անց Սուրենի եւ ընկերների մարմիններն ադրբեջանական կողմը հանձնել է հայերին: Հադրութցի մայորին հուղարկավորել են փակ դագաղով հայրենի Տումի գյուղում:

Երիտասարդ տարիքում այրիացած կինը պատկերացնում է՝ ինչ դժվարություններով է մեծացնելու իր չորս տղաներին տան միակ կերակրողին կորցնելուց հետո: Բայց հիմա դրա վրա չի սեւեռվում, դեռ սովորում է ապրել առանց իր Սուրոյի:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ