News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կարծում է՝ կոռեկտ չէ այս պահին քննարկել հարցը, որ պաշտոնյաներն ունեն մեծ ունեցվածք, իսկ սահմանին զոհվում են հիմնականում սոցիալապես անապահով խավի երեխաները:

«Իհարկե, պատերազմական շրջանում ավելի ցայտուն են ի հայտ գալիս սոցիալական բեւեռվածության խնդիրները: Եթե մենք գնում ենք նորմալ հարաբերությունների, միշտ կարելի է գտնել նման համեմատություններ, որոնք իրականության մեջ մահադրելի չեն: Նման թեմաներ հիմա շոշափելը կոռեկտ չի: Ի՞նչ ենք ուզում անել, սոցիալական հավասարությո՞ւն ստեղծենք: Ստեղծենք, ոչ թե հիմա, այլ տարիների ընթացքում, դրանք տարիներով են ձեւավորվում»:

Նրա խոսքով, ցանկացած մարդ, եթե կարող է, պետք է իր օժանդակությունը ցուցաբերի բանակին, նաեւ կառավարությունը:

«Իմ որդիները միշտ առաջնագծում են, հիմա էլ էնտեղ են, լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց մասին, ցավոք, չեմ կարող ասել: Եթե կարողանամ ասել, դուք ուղղակի կզարմանաք»,-ասաց Գագիկ Խաչատրյանը:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ սոցիալական արդարության մասին է խոսքը, եթե իր եւ իր կնոջ ունեցվածքը միլիոնավոր դոլարներով են չափում, նախարարը պատասխանեց. «Եթե տենց համեմատության մեջ դնենք, ձեր մեջ էլ կարող է լինել տարբերություն, որ մեկը մյուսից ֆինանսապես ավելի լավ վիճակում է: Ես միշտ ասել եմ, որ պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված, այլ չհայտարարագրված գումարներից: Եթե ես հայտարարագրել եմ, գիտեմ՝ ինչ եմ հայտարարագրել»:

Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ այդքան գումար կարողացավ կուտակել նախարար լինելով, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ դա երկար տարիների աշխատանքի արդյունք է:

Նա նաեւ վստահեցրեց, որ, ինքն էլ, մյուս պաշտոնյաներն էլ, օգնություն ցուցաբերել են  Ղարաբաղին: «Ես ինքս էլ օժանդակել եմ, բայց դա հրապարակման ենթակա չէ: Այն ծրագրերը, որոնք մենք ենք իրականացնում, հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ