Լոռու մարզի Շնող գյուղում այսօր՝ մայիսի 10-ին, հրդեհված տանը մահացած հայտնաբերված 56-ամյա Ս.-ի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը եւ պարզվել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արդյունքում պարզվել է, որ դեպքից առաջ կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ եւ խեղդել։ Հետքերը վերացնելու համար այրել է անկողինն ու հեռացել:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանություն:
Առերեւույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, երիտասարդի հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ կնոջ մահվան պատճառը, հնարավոր սեռական ոտնձգության ենթարկված լինելու հանգամանքները պարզելու համար։




























