2009-ին Իրանում կործանված Թեհրան-Երեւան Տու-154Մ օդանավի վթարի պատճառները հետաքննող հանձնաժողովը եզրակացրել է, որ աղետի համար մեղավոր է ռուսաստանյան նախագծող ընկերությունը եւ անձնակազմը, որը սպասարկել է չվերթը: Այդ մասին հայտնել է Թեհրանի դատախազության ներկայացուցիչ Ղազի Շահրիարին: Նրա խոսքերը,  IRINN հեռուստաալիքին մեջբերմամբ, վկայակոչում է «ՌԻԱ Նովոստին»: 

Իրանական Caspian Airlines ավիաընկերության Տու-154Մ օդանավը կործանվել էր 2009-ի հուլիսի 16-ին իրանական Ղազվին քաղաքից ոչ  հեռու (Թեհրանից 200 կմ հեռու): Բոլոր ուղեւորները զոհվել էին:

Ինքնաթիռում 153 ուղեւոր էր եղել, այդ թվում` երկու երեխա եւ անձնակազմի 15 անդամ (Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի քաղաքացիներ): Հայաստանի քաղաքացիները վեցն էին, նրանցից երկուսը անձնակազմի անդամներ էին: Հայկական ազգանունով ընդամենը  35 ուղեւոր կար: