Այստեղ Արմենչիկի մեղավորության բաժինը չկա, մեղավոր է պաշտպանության նախարարությունը, տվյալ զորամասի հրամանատարությունը, որոնք թույլ են տվել նսեմացնել սպայի պատիվը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն՝ անդրադառնալով փաստին, որ զորամասերից մեկում երգիչ Արմենչիկը հերթով պոլիէթիլենային տոպրակներով «օգնություն» է բաժանում շարքով կանգնած զինվորներին:

«Արմենչիկը մնում է Արմենչիկ: Նա արել է այն, ինչը համապատասխանում է  իր մակարդակին: Խնդիրն այստեղ այն է, որ սպայական պատիվ հասկացողությունը նսեմացվել է, որովհետեւ դա օգնություն չէր, դա ողորմություն խնդրելու էր նման, որն հատուկ նկարահանվում էր: Բանակում այդ տեսանկյունից լուրջ խնդիրներ կան, երբ մենք մարտունակ բանակ ենք ուզում ունենալ, պետք է սպայական պատիվ հասկացողությունը լինի: Չի կարելի թույլ տալ ու նման ձեւով նսեմացնել բանակն ու սպայական կազմը եւ իզուր չէ զինվորական սպայի խոսքը՝ «պատիվ ունեմ»,-ասաց Բաբայանը:

Նրա խոսքով, այս հարցում մեղավորը նա է, ով թույլ է տվել, որ զինվորական զորամասում նման ձեւով վարվեն զինվորների հետ, թե պաշտպանության նախարարությունն է, թե սպայական կազմը: «Մեղավորները պետք է անպայման պատժվեն, քանի որ հայոց բանակի հանդեպ նման վերաբերմունք է ցույց տրվել: Բանակն առաջին օրինակելի կառույցը պետք է լինի, նրա պատիվը ժողովրդին  ու պետությանն է պատկանում նաեւ եւ եթե սպան այդ պատվի մասին որեւիցե գաղափար չունի, ուրեմն այս ոլորտում լուրջ բացեր կան եւ լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ կատարել»,-ընդգծել է նա:

Նույն խնդրի առնչությամբ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց. «Բառեր չունեմ ասելու, երբ տեսանյութը նայեցի, ամաչեցի, անհարմար զգացի եւ պետության, եւ մեր համար: Ես համոզված եմ, որ մեր զինվորներն իրենք էլ հաստատ չէին ուզի այդ վիճակում հայտնվել՝ գնալ եւ ինչ-որ մի գավառական երգչի ձեռքից նվերներ ստանալ: Կարծում եմ, որ պաշտպանության նախարարությունը պետք է խիստ նկատողություն տա այդ զորամասի հրամանատարությանն այդպիսի «զավեշտ» թույլ տալու համար: Մեր զինվորները հայրենիք են պաշտպանում, իսկ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած «Արմենչիկը» ռաբիզ երգելով փող է աշխատում եւ շատ խղճուկ ձեւով բարեգործություն  անում գովազդվելու համար: Հայաստանում բարեգործության որոշակի նորմեր է պետք սահմանել, որպեսզի իրենց անվան համար ժողովրդին եւ զինվորներին «բարեգործները» չնվաստացնեն»,-ասաց նա:

Իշխանյանի խոսքով՝ սա ոչ միայն զորամասի հրամանատարության խնդիրն է, այլ այն «բարեգործների», որոնք իրենց գովազդի համար որոշում են զինվորներին ինչ-որ օգնություն ցուցաբերել:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Արմենչիկը զորամասերից մեկում շարք կանգնած զինվորներին պոլիէթիլենային տոպրակներով ինչ-որ բան է բաժանում, իսկ զինվորները հերթով գալիս ու վերցնում են: Տեսանյութում երեւում է՝ ինչպես է Արմենչիկը ժամանակ առ ժամանակ նայում տեսախցիկին: Տեսանյութը խիստ քննադատության է արժանացել հասարակության շրջանում՝ զինվորին նսեմացնելու համար: