Այն ինչ այսօր է տեղի ունենում դպրոցական ավարտական երեկույթների կազմակերպման ժամանակ, պարզապես ցուցամոլություն է.  ծնողներն ու երեխաները  ոչ թե ուրախանում են, այլ մտնում են անառողջ մրցակցության մեջ, որն առկա է մեր հասարակությունում՝ սկսած Ամանորից վերջացրած հարսանիքներով։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ պատասխանելով դպրոցներում ավարտական երեկոյի եւ տնօրեններին նվերներ գնելու նպատակով դրամահավաքի մասին հարցին։ 

Այդ խնդիրը, ըստ նախարարի, կենտրոնանում է դպրոցի վրա, բայց իրականում ավելի շատ հասարակության խնդիրն է։ «Իհարկե գտնվում են տնօրեններ եւ ուսուցիչներ, որոնք օգտվում են ծնողների այդ հատկությունից։ Ի պատասխան դրամահավաքը դադարեցնելու պահանջի՝ շատ ծնողներից  լսել եմ՝ «մի հարամեք մեր երեխաների ավարտական երկոն»։ Հիմա հասել ենք նրան, որ ավագ դպրոցն իր առանձին ավարտական երեկոն է անում,  իսկ իններորդ դասարաններն իրենցն են անում»,-ասաց նախարարը։

Մկրտչյանի խոսքով՝  այժմ անհրաժեշտ է լուծել խնդիրը՝ չփչացնելով ավարտական երեկոն,  քանի որ յուրաքանչյուրի կյանքում այդ օրը մեկ անգամ է լինում։  «Ի վերջո, պետք է փորձենք հասկացնել, ասել, որ համեստ տոնելը նույնպես լավ է։  Երեխաները հավաքվում են նշելու, եւ իրենց համար դա իսկապես տոն է. պետք է դա նկարահանեն, ինչ–որ տեղ հավաքվեն, իրենց ուսուցիչներին շնորհակալություն հայտնեն։ Դա կարելի է անել ավելի համեստ միջոցներով, հատկապես, որ մեր երեխաների մի մասը խրամատներում կանգնած է, այդ ավելորդ ցուցադրական շքեղությունը ոչ մի լավ բան չեն դաստիարակելու ոչ իրենց երեխաների, ոչ էլ հասարակության մեջ։ Եթե մենք կարողանանք սովորել ուրախանալ չափի մեջ, ինձ թվում է, դա ավելի բարդ խնդիր է, որը դպրոցից դուրս է»,-ասաց նախարարը:

Ըստ նրա, եթե ծնողները ցանկանում են երեխաների համար ավարտական երեկո կազմակերպել, թող անեն, բայց դպրոցի միջոցով դրամահավաք անցկացնելը ուսուցիչների կամ տնօրենների միջոցով պետք է կանխել. «Մենք էլ ենք դպրոցի ավարտական երեկո անցկացրել, բայց ուսուցիչն ու տնօրենը դրա հետ կապ չունեին։ Ծնողներն էին կազմակերպում, բոլորի համար ընդունելի միջին գումար էր որոշվում։ Բայց, իսկապես հրավիրում էին տնօրենին ու ուսուցիչներին, այլ ոչ թե տնօրենի կամ ուսուցչի միջոցով պարտադրում էին իրականացնել։ Այն ինչ այսօր է տեղի ունենում, դա ցուցամոլություն է։ Ծնողներից որեւէ մեկը չի դժգոհի, եթե երեխաներն ինչ–որ մի տեղ հավաքվեն եւ նշեն, խոսքը վերաբերում է մեծ գումարներ հավաքելուն, ինձ էլ են շատ բողոքել։ Սա հիվանդության նման մի բան է»։

Նախարարի կարծիքով, պետք է  արգելել դպրոցի միջոցով դրամահավաքը, եւ եթե դպրոցում կա ծնողական կոմիտե, ապա իրենք պետք է այդ հարցը լուծեն։  «Անընդունելի է այդ առումով դպրոցի տնօրեն-ուսուցիչներ-աշակերտների ծնողներ հարաբերությունը։ Տարվա մեջ մի քանի օրեր կան, որոնք վերածվում են դրամահավաքի։ Պետք է ամեն ինչ անել դա  վերացնելու համար, եւ պետք է գործել կտրուկ»,– ընդգծեց նախարարը։