News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Միհրան Պողոսյանը «Պանամյան փաստաթղթերի» հետաքննության շրջանակում բացահայտված միակ հայազգի մեծահարուստը չէ, որ օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ ունի: Տվյալների բազայի Հայաստան բաժնում 37 անուն կա: Պանամյան փաստաթղթերում կան նաեւ քրեական հեղինակություններ, սփյուռքահայեր, շատ են հատկապես Ռուսաստանաբնակները:

2009-ին Իրանում կործանված Թեհրան-Երեւան Տու-154Մ օդանավի վթարի համար մեղավոր է ռուսաստանյան նախագծող ընկերությունը եւ չվերթը սպասարկող անձնակազմը՝ եզրակացրել է հետաքննող հանձնաժողովը: Իրանական ընկերության օդանավը կործանվել էր 2009-ի հուլիսի 16-ին Թեհրանից 200 կմ հեռու: Բոլոր 153 ուղեւորները զոհվել էին: Ինքնաթիռում հայկական ազգանունով 35 ուղեւոր կար, որոնցից վեցը՝ Հայաստանի քաղաքացիներ, նրանցից երկուսը՝ անձնակազմի անդամներն էին:

Հայաստանում բժիշկները պնդում են, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինվորները արտասահմանում բուժման կարիք չունեն, ծանր վիճակում գտնվող երկու տղաների ծնողները ուզում են նրանց անպայման Եվրոպա տանել բուժման: Նրանց չի համոզել նաեւ Հայաստան ժամանած գերմանացի բժիշկների եզրակացությունը, թե Հայաստանում բուժումը զինվորներին լիովին բավարար է: Ծնողների կարծիքով, էսթետիկ վիրաբույժ-ուռուցքաբանը եւ բժիշկ օրթոպեդը այն մասնագետները չեն, ովքեր կարող են նման եզրակացություն տալ ողնուղեղի վնասվածքներով վիրավորների բուժման մասին:

 Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել տեսանյութը, որում վաստակավոր արտիստի կոչում ստացած Արմենչիկը զորամասում շարքով իրեն մոտեցող զինվորներին տոպրակներով օգնություն է բաժանում՝ ժամանակ առ ժամանակ նայելով տեսախցիկին:  Օգտատերերը պահանջում են, որ զինվորների հանդեպ նման ստորացուցիչ վերաբերմունք թույլ տված հրամանատարաները պատժվեն եւ կատարվածում մեղադրում են Պաշտպանության նախարարությանը: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն ասել է, որ տեղյակ չէ՝ երբ եւ որտեղ է կատարվել նկարահանումը, մանրամասները պարզելու համար ուսումնասիրություններ են կատարվելու

Երեկ կեսգիշերին Իսակովի պողոտայում  տեղի ունեցած վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել: Իրար են բախվել Volkswagen եւ Mercedes մակնիշի մեքենաները, ինչի հետեւանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Մերսեդեսի վարորդը մեկ ժամ անց մահացել է հիվանդանոցում: Իսկ ուղևորներից մեկն էլ մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Տուժածներից երկուսին վիրահատել են, նրանց վիճակը հիմա բավարար է

Բռնաբարության փորձ, խեղդամահություն, հրկիզում: Բոլոր այս հանցագործությունները վերագրվում եմ 23-ամյա երիտասարդին: Ենթադրվում է, որ նա նախօրեին այցելել է Շնող գյուղում բնակվող իր հեռավոր ազգականուհուն, որը միայնակ էր ապրում և հոգեկան խանգարումներ ուներ:  Հարբած վիճակում 56-ամյա կնոջը առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, իսկ երբ մերժում է ստացել, խեղդել է նրան, վերջում էլ ՝ հետքերը վերացնելու համար այրել անկողինն ու հեռացել: Կնոջ մարմինը գտել են առավոտյան կիսաայրված վիճակում: Փորձաքննությունը կպարզի՝ արդյոք կինը սեռական բռնության է ենթարկվել մինչեւ սպանվելը:

Երեւանում 27-ամյա տղամարդու դի են գտել կախված վիճակում: Գեղամի մարմինը գտել են հարազատները՝ խորդանոցում կախված: NEWS.am-ին հարեւաններն ասել են, որ երիտասարդ հոգեկան խնդիրներ ուներ, ամուսնալուծված էր, 3-ամյա տղայի հայր: Եբթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Ի դեպ, այս տարվա 4 ամիսներին Հայաստանում 39 մարդ է ինքնասպան եղել: Այս տվյալը հրապարակել է ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի» պետ Հովհաննես Խանգելդյանը: Ինքասպան եղածներից 33-ը տղամարդ է, 6-ը` կին, տարիքը՝ 18-ից բարձր:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը: Արտասահմանյան մամուլի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ գերմանական ակումբը նրան առաջարկում է նոր պայմանագիր, որում չկա տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին: Ըստ աղբյուրի՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից եւ ձեռք բերել Մխիթարյանին, որի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, եվրոյինը եւ ռուբլունը՝ նվազել: Դոլարն այսօր արժեր 479, եվրոն՝ 545, բրիտանական ֆունտը՝ 691, ռուսական ռուբլին՝ 7.22 դրամ:

Երեւանում մայիսի 11-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +13-ի,  իսկ վաղը ցերեկը՝ +24 –ի: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ