Պետական կառավարման ապարատը պետք է օպտիմալացնել, այն պետք է դառնա ավելի կոմպակտ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության նիստի սկզբում իր հայտարարության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչեւ 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն:
«Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ եւ նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական եւ էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած եւ համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորելու մասին: Կարծում եմ, որ այս մոտեցումը կորդեգրեն նաեւ իշխանության այլ ճյուղերի մեր գործընկերները»,-ասել է նա:
Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ ամբողջությամբ գիտակցում է այն հանգամանքը, որ պետական ապարատի օպտիմալացման արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: «Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի եւ Մայր Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, եւ մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց»:











