Կառավարությունը շատ արագ պետք է կոշտ մեխանիզմներ ներդնի, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության նիստի սկզբում իր հայտարարության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պետք է սահմանել երկու կարեւոր սկզբունք: «Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում:

Այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաեւ մեր կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում ենք քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ: Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երեւույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,-ասել է վարչապետը: