Կառավարությունը բավարար հետեւողական չի եղել մենաշնորհների դեմ պայքարի խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության նիստի սկզբում իր հայտարարության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձեւավորված մենաշնորհների դեմ: Միեւնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետեւողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում եւ ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունը ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին եւ առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նա նաեւ հանձնարարել է նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ եւ հետեւողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային եւ հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երեւույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը:
«Վստահեցնում եմ, որ այս հարցում բացի տնտեսական նպատակահարմարությունից մենք որեւէ այլ չափորոշիչով չենք առաջնորդվելու»,-ամփոփել է նա՝ հավելելով, որ կառավարությունը ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը:











