News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մայիսի 11-ի երեկոյան հակառակորդի կողմից արձակված կրակոցից  մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արմեն Մարտիրոսյանը: 20-ամյա Արմենը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր, ծնողների միակ որդին:

Եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը՝ հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Պաշտոնապես նախագահների հանդիպման տեղեկությունը կողմերը դեռ չեն հաստատում, սակայն չեն էլ բացառում:  Մինչդեռ Մոսկվայում արդեն նախնական ամսաթիվ են նշել՝ մայիսի 16-ին, Վիեննայում: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է,  որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանն ամենայն հավանականությամբ կմասնակցեն ՌԴ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարները, ԱՄՆ պետքարտուղարը: Ըստ համանախագահների՝ հնարավոր հանդիպման օրակարգի հիմնական խնդիրը պետք է լինի հրադադարի ռեժիմի ամրապնդումը, վստահության մեխանիզմների համաձայնեցումը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով  բանակցությունների վերսկսման համար:

Վերլուծելով համանախագահների հայտարարությունը Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ դրա  բառապաշարը եւ մտքերը հիշեցնում են բանակցությունները վերսկսելու նախապայմանների վերաբերյալ  Սերժ Սարգսյանի մեսիջները, ինչը նշանակում է, որ դրանք ընկալվել են միջազգային հանրության կողմից եւ որ Սերժ Սարգսյանը չի սխալվել՝ իր դիրքորոշումը կոշտացնելով

Հովիկ Աբրահամյանը ինչպես խոստացել էր, կառավարության նիստից առաջ հանդես է եկել հայտարարությամբ եւ ներկայացրել տնտեսական փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Առաջին քայլով կառավարությունն անցնելու է բյուջեի խնայողության խիստ ռեժիմի: Մյուսը՝ պետական կառավարման համակարգի օպտիմալացումն է: Վարչապետն ասաց՝ այն պետք է դառնա ավելի կոմպակտ, կլինեն կրճատումներ: Երրորդ ուղղությունը կոռուպցիայի դեմ պայքարն է: Պետական տարբեր մարմիններում կոռուպցիայի մակարդակը կգնահատեն նաեւ սոցիոլոգիական հարցումներով: Երկրի տնտեսությունը ախտահարող մյուս երեւույթը՝ շահերի բախումն է: Վարչապետը վստահեցրեց, որ դրա դեմ նույնպես պայքարելու են:

Եվ մեր տնտեսության ամենամեծ խնդիրներից մեկը՝ մենաշնորհները: Հովիկ Աբրահամյանն ասաց՝ ընդունում ենք, մենաշնորհները բացահայտելու հարցում կառավարավարության աշխատանքը բավարար չի եղել: 

Բացի դրանից՝ մայիսի 14-ից կառավարությունը սկսում է ամենշաբաթյա քննարկումներ՝ ընդդիմադիր պատգամավորների եւ հասարարակական սեկտորի մասնակցությամբ: Վարչապետը խոստացավ, որ քննարկման արդյունքում ընդունված բոլոր որոշումները կարճ ժամկետում կյանքի կկոչվեն:

Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից՝ այսքան տարի իշխանություններն ասում են, բայց չեն կարողանում վերացնել մենաշնորհը, ինչպես են հիմա կատարելու վարչապետի հանձնարարականը:

Կառավարության առջեւ այսօր բողոքի ակցիա են անցկացրել «Նորաշեն 2007» ընկերությունից տուժած բնակիչները: Նրանք ժամանակին բնակարաններ են գնել այդ ընկերության կողմից կառուցվող շենքում, սակայն կառուցապատողը նրանց բնակարանները գրավ է դրել ու դրա դիմաց տոկոսով խոշոր գումարներ վերցրել տարբեր մարդկանցից, այդ թվում՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքից: Երբ կառուցապատողը սնանկ է ճանաչվել, Նաղդալյանի ընտանիքը եւ մյուս պարտատերերը պարտքի դիմաց վերցրել են բնակարանները: Ցուցարարները պահանջում էին հանդիպում վարչապետ հետ, որը տեղի չունեցավ: Փոխարենը նրանց մոտեցավ Նաղդալյանի ամուսինը, ամոթանք տվեց ու խլեց իր կնոջ պատկերով պաստառը:

Ապրիլյան պատերազմում վիրավորված եւ մինչեւ հիմա ծանր վիճակում գտնվող զինծառայողներ Արմանն ու Ռուբենը բուժում կստանան արտասահմանում, բայց ոչ թե կառավարության, այլ ծնողների որոշմամբ՝ բարերարների հանգանակած գումարներով: Կառավարությունը մինչեւ  հիմա պնդում էր, որ նրանց ողնուղեղից վիրավորված տղաներին կարիք չկա տեղափոխել, նրանց այստեղ էլ կարելի է բուժել: Սակայն ծնողներին սա չէր համոզել, նրանք հավատում են, որ իրենց որդիները Եվրոպայում ապաքինվելու ավելի մեծ շանսեր ունեն: Արմանին եւ Ռուբենին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն Գերմանիա: Նախարարությունը խոստացել է օգնել կազմակերպչական հարցերում:

Հայկական կողմը պետք է օգտվի ստեղծված պատմական պահից, առաջ գնա շփման գծում եւ հետ բերի ապրիլյան պատերազմում կորցրած տարածքները՝ կարծում է Ժիրայր Սեֆիլյանը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի խոսքով՝ մարտունակ բանակն ամեն օր հրամանի է սպասում՝ հյուսիս-արեւելյան ուղղությամբ կորցրած տարածքներն ազատագրելու համար։ Չնայած ադրբեջանական բանակի սպառազինությունների առավելությանը՝ հայ ժողովուրդը այսօր ի վիճակի է ծնկի բերել հակառակորդին, ինչի համար անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա

Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնյայի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Քրեական գործի քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ նախաքննության այս փուլում չեն հրապարակվում:

Հայաստանում կրկին հղի կին է մահացել՝ այս անգամ ուշ հայտնաբերված տուբերկուլյոզի պատճառով: 34-ամյա Աննա Գրիգորյանը ապրիլի 7-ին տեղափոխվել է Երեւանի «Սլավմեդ» հիվանդանոց, որտեղ 6 օր մնալուց հետո մենինգիտ են կասկածել եւ տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոց: Այստեղ պարզվել է, որ կնոջ մոտ տարածված տուբերկուլյոզ է, նրան տեղափոխել են մասնագիտացված կենտրոն: Մի քանի օր անց Աննան վիժել է: Հարազատները մեղադրում են բժիշկներին, պնդում են, որ մահացած պտուղը ավելի շուտ հեռացնելու դեպքում Աննան չէր մահան, բժիշկներն էլ վստահեցնում են, որ իրենք ամեն ինչ արել են ըստ մանկաբարձական կանոնների: Աննան 12 տարվա անպտղությունից հետո սպասում էր երկվորյակների:

Հայաստանում կսահմանափակվի առանց դեղատոմսի վաճառվող դեղերի քանակը: Նոր օրենքը արդեն 2–րդ ընթերցմումն է անցել Ազգային ժողովում: Առողջապահության նախարարի խոսքով՝ սրա հիմնական պատճառը հակաբիոտիկների չարաշահումն է եւ դրա հետ կապված ռիսկերը:

Մեկնարկել է Կաննի 69-րդ փառատոնը, որին մասնակցելու համար Ֆրանսիա են ժամանել կինոյի համաշխարհային դեմքերը: Կինոփառատոնը արդեն երրորդ անգամ բացվել է Վուդի Ալենի ֆիլմով՝ «Cafe Society»: Առաջին օրվա պրեմիերաներից է հոլիվուդույան «Ֆինանսական հրեշը» ֆիլմը, որի գլխավոր դերերում Ջորջ Քլունին ու Ջուլիա Ռոբերթսն են: Իսկ մինչ այդ համաշխարհային կինոյի աստղերը անցել են ավանդական կարմիր գորգուղով:

Նեւադայում հաջողությամբ փորձարկվել է ապագայի գնացքը՝  Hyperloop գերձայնային տրանսպորտային համակարգը: Ավտոմեքենայի չափեր ունեցող այս կցա սայլակը կառավարվում է էլեկտրամագնիսներով: Նախատեսված է մինչև 2018 թվականը խողովակաշարային համակարգ ստեղծել Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի միջեւ, որը նոր սերնդի տրանսպորտը կանցնի կես ժամում՝ ընթանալով ժամում 1200 կմ արագությամբ:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 479, եվրոյինը՝ 547, ֆունտինը՝693, իսկ ռուբլունը՝ 7.39 դրամ:

Մայիսի 13-ից-15-ը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում վաղը ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատեւ անձրեւ: Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է մինչև 14, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 27 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ