Երեւանի Կարապետյան փողոցում այսօր՝ մայիսի 13-ին, վաղ առավոտյան հարեւաններն Արմենակյանների տնից վիճաբանության ձայներ են լսել, սակայն կարծել են, թե սովորական ընտանեկան վեճ է:
NEWS.am-ի թղթակցին հարեւանները պատմեցին, որ իրենք Արմենակյանների դստեր եւ որդու սպանության մասին իմացել են, երբ տան հայրը ոստիկանություն եւ «Շտապօգնություն» է կանչել:
Սպանված Շավարշ Արմենակյանի ընկերները մեզ պատմեցին, որ կասկածյալը սպանված Շողիկ Արմենակյանի հետ օրինական ամուսնացած է եղել. ԶԱԳՍ-ում գրանցվել են, երբ նա կալանավայրում պատիժը կրելիս է եղել:
«Ընտանիքը դեմ էր, երբ կալանավայրից դուրս եկավ, էլի գալիս, գնում էր, բայց դեմ էին բոլորը: Դեպքի մանրամասները չգիտենք, գիտենք միայն, որ առավոտյան ժամը 09:00-ի կողմերը Հայկը մտել է Արմենակյանների տուն, դանակահարել Շողիկին ու Շավարշին, իսկ հորն էլ թեեւն է վնասել: Համլետը վազել է Հայկի հետեւից, բայց մենակ հասցրել է ձեռքերով մեքենային խփել. Հայկը դիմել է փախուստի»,- ասացին Շավարշի ընկերները՝ նշելով, որ Համլետ Արմենակյանն առաջին բուժօգնություն է ստացել եւ այժմ ոստիկանությունում է:
Շողիկ Արմենակյանն աշխատում էր մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում, իսկ Շավարշը՝ ավտոտեխսպասարկման կետում: Դեպքի պահին ընտանիքի մայրն աշխատանքի է եղել: Հարեւանների խոսքով՝ համեստ, կիրթ ընտանիք է:
Նշենք, որ փողոցում գտնվող տեսախցիկներն արդեն ֆիքսել են Հայկի ավտոմեքենան: Ոստիկանությունն այժմ նրան է փնտրում:
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ մայիսի 13-ին Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում հայտնաբերել է նշված տան բնակիչ, 29-ամյա Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։
Պարզվել է, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել Համլետ Արմենակյանին եւ 26-ամյա Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է։
Տան բակում հայտնաբերվել է արյան հետքերով խոհանոցային դանակ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է կատարողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան միջոցառումներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն։




























