Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորված եւ Երեւան տեղափոխված զինծառայող 21-ամյա Հովհաննես Պողոսյանին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Պողոսյանը:
Մոր խոսքով՝ որդու վիճակը շարունակում է ծանր մնալ:
«Բժիշկներն այժմ կոկորդով խողովակ են անցկացնում, որ թոքերն ու սիրտը նորմալ աշխատեն»,- ասաց տիկին Գայանեն:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Հովհաննես Պողոսյանը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է վիրավորվում:




























