Հայաստանի կառավարությունը 797 ծառայողական ավտոմեքենա կկրճատի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեկ շավաթ առաջ տված հանձնարարականների արդյունքում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ աշխատանքները կատարելիս գործակցել են բոլոր նախարարությունների հետ՝ բացառությամբ ՊՆ-ի եւ ԱԳՆ-ի, որոշ առընթեր մարմինների՝ բացառությամբ ոստիկանության, ԱԱԾ-ի, քննչական եւ փրկարար ծառայությունների:
Նախարարը նշել է նաեւ, որ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող ավտոմեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում եւ հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն առաջարկեց ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների սահմանաքանակների նշված նվազեցումը, ինչպես նաեւ կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերը. «Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պետք է ուսումնասիրություններ կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ: Բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվաքանակը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկներին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին»:




























