Գյումրիում մայիսի 14-ին «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության գործով կա նոր ձերբակալված: Իրավապահ մարմիններում NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ դեպքից հետո ձերբակալված՝ նրա մանկության ընկեր Արմեն Փափազյանը ցուցմունք է տվել, թե ինքն է կատարել սպանությունը: Ոստիկանները սակայն պարզել են, որ սպանությունն իրականում կատարել է 40-ամյա Արա Մովսիսյանը:
Մեր տեղեկություններով՝ Արա Մովսիսյանը դեպքի օրը վիճաբանել է Գուրգեն Ավետիսյանի հետ, ապա սպանել նրան:
Թե ինչու է Արմեն Փափազյանը նման խոստովանական ցուցմունք տվել, դեռեւս հայտնի չէ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե մայիսի 14-ի ցերեկը, ըստ նախնական տեղեկությունների, Գուրգեն Ավետիսյանը եղբոր հետ զրուցելուց հետո դուրս է եկել խանութից եւ գնացել անհայտ ուղղությամբ: Արդեն գիշերը, երբ Գուրգեն Ավետիսյանի եղբայրը փակել է խանութը, տեսել է հրազենային վնասվածքներով խանութի դռան առջեւ ընկած եղբորը, անմիջապես «Շտապօգնություն» է կանչել եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Այստեղ էլ պարզ է դարձել, որ Գուրգես Ավետիսյանը մահացել է դեռեւս ժամեր առաջ:
Ըստ տեղեկությունների, Արմեն Փափազյանն ու Գուրգեն Ավետիսյանը ցերեկը եղել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում:
Գուրգեն Ավետիսյանն ամուսնացած էր, 2 անչափահաս երեխա ուներ:



























