Մայիսի 23-ին Երևանում մոլեգնած փոթորկից տուժել է Չարբախում գտնվող՝ Երևանի N 115 ավագ դպրոցը: Դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքն ամբողջությամբ պոկվել և ընկել է դպրոցի բակում, ինչպես նաև հարակից տների բակերում և տանիքներին՝ վնասելով նաև մեքենաներ։

Դպրոցի տնօրեն Գոհար Անտոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ԿԳ նախարարությանը տեղեկացրել են դեպքի մասին, և այսօր առավոտյան երեխաներին տուն են ուղարկել՝ ժամանակավորապես դադարեցնելով դասերը:

ԱԻՆ աշխատակիցներին նախօրեին միայն վտանգներն են չեզոքացնել, բայց դպրոցում այժմ դաս անցկացնել հնարավոր չէ: 

 «Դիմել ենք ԿԳ նախարարությանը, և կփորձենք նախարարության, թաղապետարանի և մեր դպրոցի անձնակազմի համատեղ ուժերով լուծել բակի մաքրման և վերանորոգման հարցերը»,- ասաց տնօրենը:

Դպրոցի տանիքի պոկվելու հետեւանքով հատկապես տուժել է հարակից տներից մեկը: Տանիքից պոկված թիթեղներն ընկել են տան տանիքին՝ վնասելով այն: Բացի այդ, կտրվել են հոսանքի լարեր, և տունը արդեն 24 ժամից ավելի հոսանքազրկված է, վնասվել է օդատարը: Տան արտաքին պատերը և պատուհանները ևս որոշ չափով վնասվել են: Տանտիրուհին՝ Նաիրա Վարդանյանը, նշեց, որ չունի բավարար միջոցներ՝ տանիքը վերանորոգելու համար:

Նա դիմել է քաղաքապետարան, թաղապետարան և ԿԳ նախարարություն, սակայն հստակ պատասխան չի ստացել:

24 ժամից ավելի հոսանքազրկված տան բնակիչները չգիտեն, թե երբ է ՀԷՑ-ը վերականգնելու պոկված հոսանքալարերը:

«Զանգում եմ էլեկտրացանց, տեսուչին, մեկը մեկի վրա գցելով՝ ասում են՝ դեռ մի օր ա անցել, սպասեք, կգան»,- ասաց տիկին Նաիրան՝ նշելով, որ այսօր արդեն հերթական զանգի ժամանակ տեսուչը կոպտել է իրեն, թե՝ հերիք է անհանգստացնեք:

«Մենք գիտենք, որ դպրոցի տանիքը նոր է վերանորոգված եղել. ինչո՞ւ պիտի պոկվեր եւ այսպիսի վնաս հասցներ բնակչին» -, ասաց տիկին Նաիրան: