News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մայիսի 23-ին ուժեղ քամու հետեւանքով Հայաստանի տարածքում  508 դեպքի ահազանգ է եղել, որից 435-ը՝ Երեւանում: Երեւանում ուժեղ քամուց վնասվել է 200-ից ավելի տանիք, 100-ից ավելի ծառ, գազի եւ ջրի խողովակներ, մոտ երեք տասնյակ հոսանքալար: Շատ տեղերում բնակիչները 24 ժամ զրկված են եղել էլեկտրամատակարարումից:

Չարբախի դպրոցներից մեկում տանիքն ամբողջությամբ պոկվել է, ընկել դպրոցի բակն ու հարակից տների տանիքներին, վնասել մեքենաներ։ Համար 115 դպրոցում այսօր դաս չի եղել: Դպրոցի պոկված տանիքից հատկապես տուժել է Նաիրա Վարդանյանի տունը. տանիքն ամբողջությամբ վնասվել է, հոսանքն անջատվել: Ընտանիքը չի պատկերացնում՝ ինչպես է վերանորոգելու տանիքը եւ ով է պատասխանատու: Նույնիսկ հոսանքի մատակարարման հարցը այսօրվա դրությամբ լուծված չէ:

 Մարզերից  ամնեաշատը տուժել են Արագածոտնը, Արարատը, Արմավիրը, Կոտայքը: Այսօր էլ  քամու հետեւանքներին գումարվել է կարկուտը: Վանաձորում փողոցներն ու տանիքները կարկուտի սպիտակ շերտով են պատվել, զգալիորեն տուժել են ցանքատարածքները

«Հիդրոմետ» ծառայությունը խոստովանել է՝ երեկվա քամին իրենց կանխատեսածից ավելի ուժեղ է եղել: Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ Գյումրին տոռնադոյից է փրկվել: «Եթե քամին 2-3 տոկոսով էլ ուժգնանար, տորնադո էր ձեւավորվելու»,-գրել է Գագիկ Սուրենյանը եւ հրապարակել այս լուսանկարները: Հիդոմետը կանխատեսում է՝ ակտիվ ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում կշարունակվի մինչև լուսադեմ, որից հետո եղանակը կկայունանա: Սակայն մայիսի 26-29-ը նոր ցիկլոն է սպասվում՝ այս անգամ Միջերկրական ծովից: Կլինեն անձրևներ, քամի՝ բայց ոչ այնքան ուժեղ, որքան երեկ էր: 

 Հանրապետականը շարունակում է պնդել, որ ապրիլայն պատերազմում հայկական կողմի կորցրած տարածքները կարեւորություն չունեն: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր նույնիսկ կորցրած տարածքի հրապարակված չափն է կասկածի տակ դրել

Սուրիկ Խաչատրյան կամավորների հետ առաջնագիծ էր տարել նաեւ որդուն՝ քրեական տարբեր պատմություններից հայտնի Տիգրանին: Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչու Տիգրանը ժամանակին բանակ չի զորակոչվել, եւ ինչ էր անում առաջնագծում, եթե զինվորական գիտելիքներ չունի

Քաղաքացիական դիտորդական խումբը լրագրողների հետ միասին մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ՝ տեղում պարզելու՝ արդյոք Թալիշն իրոք անվտանգ է բնակության համար, ինչպես նախօրեին Սեյրան Օհանյանն էր վստահեցնում: Նախաձեռնությունը հակասություն է նկատել նախարարի եւ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարություններում, որն ընդամենը մեկ օր առաջ ասել էր՝ Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր եւ միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համար:

Լեհաստանի խանութներից մեկում վաճառվում են Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների համար նախատեսված պահածոններ՝ հայերեն նշագրումով՝  «Վաճառքի ենթակա չեն, համարվում են զինվորի բաժին»՝ ահազանգել է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ իրենք ծանոթ են ահազանգին, արդեն դիմել են Լեհաստանում Հայաստանի դեսպանին՝ պարզելու համար, թե ո՞վ է վաճառողը եւ ինչպես են պահածոներն այնտեղ հայտնվել:

Գյումրիի թիվ 27 դպրոցի հայոց պատմության դասասենյակն անվանակոչվել է նույն  դպրոցի շրջանավարտ, ապրիլի սկզբին Արցախում զոհված  20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի անունով: Վլադիմիրի Ռազմագիտության ուսուցիչը կարծում է՝ հայրենասիրությունը նրա մոտ գեներով է փոխանցվել՝ հայրն էլ արցախյան հերոսամարտի մասնակից է:

Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կալանավորվածներ կան: Քննչական կոմիտեն հաստատել է, որ մայիսի 16-ին տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակցած 6 անձանցից 4-ը կալանավորված են: Ըստ մամուլի հրապարակումների՝ կալանավորվածները Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են: Վիճաբանության հետևանքով 5 մարդ մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկի վիճակը ծանր է

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից դրամ շորթելու մեղադրանքով կալանավորված՝ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հայտարարել է, թե շորթման գործը սարքած է, պատվիրատուն էլ՝ Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն է: Ըստ նրա ՝ դեսպանը այս ձևով փորձել է  կասեցնել իր  գործունեությունը եւ թույլ չտալ , որ ինքը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ բացահայտումներ հրապարակի: Ընդ որում, իր ասածը տրամաբանված դարձնելու համար Անի Հովհաննիսյանը գրել է՝ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց դրամ շորթելու համար առնվազն մոլագար է պետք լինել:

Տիգրան Ուրիխանյանն այս հայտարարությունը անվանել է կեղտոտ զառացանք: Պատգամավորը նշել է, որ Անիի Հովհաննիսյանը դրամաշորթության ու շանտաժի փորձեր է կատարել ոչ միայն  իր, այլև  տարբեր հասարակական, քաղաքական, պետական գործիչների ու գործարարների նկատմամբ, ինչի մասին բազմաթիվ մարդիկ արդեն ցուցմունքներ են տվել: Ռուսաստանի դեսպանը դեռ որեւէ կերպ չի արձագանքել:

«Երրորդմասցի Լյովիկի» ու նրա երկու ընկերների սպանության գործով վկաներից մեկը սպանվել է: Պարզվում է՝ վկան ոստիկան Հրաչյա Ֆալաջյանն էր, որը մայիսի 13-ի գիշերը ավազակային հարձակում էր գործել «Բրավո» տաքսի ծառայության տիրոջ տան վրա եւ դիմադրության ժամանակ սպանվել: Այս մասին այսօր դատարանում հայտարարել է գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Նշենք, որ ավազակային հարձակումից տասն օր անց դեռեւս չի պարզվել, թե ինչ հանգամանքներում է սպանվել Հրաչյա Ֆալաջյանը: Տարօրինակ է նաեւ, որ դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե Ֆալաջյանը մայիսի մեկից աշխատանքից ազատված է, մինչդեռ նրա հարազատները պնդում են` նա շարունակում էր աշխատել ոստիկանությունում, դեպքի օրն էլ հերթապահության էր:

Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող եգիպտական օդանավում պայթյուն է եղել՝ եզրակացրել են եգիպտացի քրեագետները՝ ուսումնասիրելով օդանավի վթարից զոհված ուղեւորների մասունքները: Նրանց խոսքով՝ նույնիսկ մեկ մարմնի ամբողջական մաս չկա, ինչի տրամաբանական բացատրությունն այն է, որ ծովն ընկնելուց առաջ օդանավում  պայթյուն է եղել: Այնուամենայնիվ, պայթուցիկ նյութերի հետքեր օդանավում դեռ չեն հայտնաբերվել: Օդանավի կործանման պաշտոնական պատճառ դեռ չկա: Եգիպտոսի իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը:

Հանրապետության հրապարակի շատրվանները ինչ-որ խորհուրդ են թաքցնում, որի մասին միայն կանայք գիտեն: Այսօր կրկին մի կին էր մտել շատրվանների ջրավազանի մեջ: Ի տարբերություն նախորդ դեպքի, այս անգամվա հերոսուհին չի ընդդիմացել, երբ  ոստիկանները նրան դուրս են բերել ջրավազանից: Դուրս գալուց հետո նա ոչինչ չի ասել, չի ներկայացել և  հեռացել է ՝ որևէ կերպ չբացատրելով իր արարքի նշանակությունը:

Դոլարն այսօր մի փոքր արժևորվել է, աճել են նաև ռուբլու և ֆունտի փոխարժեքները: Այսպիսով՝ դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը՝ 7.14 , եվրոյինը՝ 534, ֆունտինը՝ 696 դրամ:

Երեւանում մայիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, հնարավոր է նաև կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +13-ի,  իսկ վաղը ցերեկը՝+28-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ