Երեւանի ավագանին այսօր` մայիսի 25-ին, որոշեց բնակարաններ տրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված երեք զինծառայողի ընտանիքներին:

«Իրականացվել են զոհված ընտանիքների բնակարանային պայմանների անհատական ուսումնասիրություններ: Պարզվել է, որ երեք ընտանիք վարձով է բնակվում: Նրանց նախատեսվում է տրամադրել բնակարաններ, որոնք լավ վիճակում են, ընտանիքները կարող են բնակություն հաստատել այնտեղ»,- նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության ղեկավար Արսեն Ամյանը:

Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր ներկաները:

Բնակարաններ կստանան կամավոր Սարգիս Խալափյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, ժամկետային զինծառայող Մանվել Գեւորգյանի ընտանիքները: Սարգիս Խալափյանն ու Հրաչյա Մուրադյանը երեխաներ ունեն:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նախքան քվեարկությունը հետաքրքրվեց` ինչպես է պատահել, որ Սարգիս Խալափյանի ընտանիքին տրմադրվող բնակարանը չկա Երեւանի սեփականության գույքի ցանկում: Նախագիծը ներկայացնողը նշեց, որ ցանկում գրանցում են տարվա ընթացքում, իսկ երբ Անահիտ Բախշյանը պնդեց իր հարցը, Տարոն Մարգարյանը  արձագանքեց` նշելով, որ նա նախապես պետք է հարցերը ուղղեր հանձնաժողովին եւ պարզեր:

«Իա»,- վրդովվեց Անահիտ Բախշյանը:

«Իա չի: Դեմագոգիայով եք զբաղվում, Ձեզ չի հասնում հարցեր»,- հակադարձեց Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետաը դեռեւս նախորդ նիստում հայտարարել էր, որ իրենք կրճատելու են որոշ ծախսեր եւ այդ գումարներն ուղղել զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելուն: