News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ բանակում կան թերություններ եւ թերությունների համար պետք է լինեն պատասխանատվություն կրողներ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին:

«Այժմ սպասենք քննությանը, որից հետո կանդրադառնանք այս թեմային»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է տեղի ունեցածն անվանել սոսկ թերացումներ, հաշվի առնելով, որ խոսքը բանակում կոռուպցիոն շղթայի, ուռճացված գներով եւ անորակ ապրանքներ ձեռքբերելու մասին է, Բաղդասարյանը պատասխանեց. «Քննությունը դրա պատասխանը կտա, մենք առայժմ որպես քրեական գործ ենք խոսում, երբ քննությունում կլինեն արդեն որպես հանցագործներ, դրան առանձին կանդրադառնանք: Եթե չհայտնաբերվեին թերություններ, բնականաբար, կասեիք, որ որեւէ գործ չի կատարվում, ոչ մի բան չի հայտնաբերվում: Ուրեմն հայտնաբերվել են թերություններ, որին հաջորդել են ձերբակալություններ»:

Նրա խոսքով, իշխանությունների վճռականությունը բանակում կոռուպցիան վերացնելու հարցում բարձր է. «Մինչեւ վերջ պետք է գնալ, որպեսզի ոչ միայն բանակում, այլեւ ընդհանրապես բոլոր ոլորտներում արմատախիլ արվի կոռուպցիան»:

Դիտարկմանը, թե չե՞ք տեսնում նաեւ իշխանությունների թերացումը, որ պատերազմի մեջ գտնվող երկրի բանակում կոռուպցիան հասել է այնպիսի մակարդակի, որ ձերբակալվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Դեռ չշտապենք այդ հարցին պատասխանել, սպասենք տեսնենք՝ գործընթացն ինչպես կգնա»:

Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք հնարավո՞ր են նոր ձերբակալություններ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների շարքում. «Չեմ կարող մեկնաբանել»,-ասաց Բաղդասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեում գտնվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով:

Մասնավորապես, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝  իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ,  որն առաջացրել է  ծանր հետեւանքներ։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը՝  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է  ծանր հետեւանքներ, հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ