Գերմանական` Բոննի համալսարանին կից կլինիկաներից մեկը համաձայնել է կազմակերպել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժումը: Դրա համար անհրաժեշտ գումարի կեսն արդեն կա, եւ ազգականները սպասում են, որ ստացվի փողի մնացած մասը:  Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ռուբենի ազգականները:  

««Էրեբունի» կլինիկայի բժիշկները եւ բուժքույրերը ամեն հնարավորն արեցին Ռուբենի համար, եւ մենք շատ ենք գնահատում նրանց օգնությունը», - նշել են վիրավոր տղայի ազգականները` հավելելով, որ ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի նրա վերականգնումը կազմակերպել Եվրոպայում, որտեղ այդ ոլորտում ավելի մեծ փորձ ունեն, քան Հայաստանում: 

Գերմանական կլինիկայում ծանոթացել են Ռուբենի փաստաթղթերին եւ խոստացել են կազմակերպել նրա վերականգնումը: Դրա համար պակասող գումարը, Ռուբենի ազգականների խոսքով, խոստացել են մոտ ապագայում փոխանցել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: 

Ազգականները հավաստիացնում են, որ ինքը` Ռուբենը, այժմ իրեն լավ է զգում. ինքնուրույն շնչում է, կարող է ուտել եւ ընդհանուր առմամբ պատրաստ է տեղափոխմանը: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի Ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հայտնել է, որ պակասող` 43 հազար եվրո գումարը խոստացել է Ռուբենի հաշվին փոխանցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բայց առայժմ այդ գումարը չի փոխանցվել: 

Հիշեցնենք, որ Ռուբենին օգնելու համար հետեւյալ հաշիվներն են բացվել. 

ՎՏԲ Բանկ.

AMD 16041036866800

USD   16041036866801

EUR   16041036866802

RUR   16041036866803

Ստացող` Անահիտ Մկրտչյան