News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանի համար անհասկանալի է գերմանացի պատգամավորների վախը Էրդողանից: Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումների նախօրեին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է՝  այդ բանաձեւը որեւէ կապ չունի Թուրքիայի  հետ կնքած միգրացիոն գործարքի հետ, որը որոշ գերմանացի քաղաքական գործիչների կարծիքով՝ Էրդողանը կարող է տապալել, եթե Ցեղասպանության բանաձեւն ընդունվի Բուդեսթագում: Նախագահը հույս է հայտնել, որ գերմանացի պատգամավորները տեղի չեն տա Էրդողանի սպառնալիքներին, եւ կընդունեն բանաձեւը՝ հատկապես որ կատարվածում պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ Գերմանիան, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր եւ կարող էր այդ հանցագործության դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ապրիլյան պատերազմին. նախագահը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանը չի տեսել  միջազգային համերաշխություն այդ արարքը դատապարտելու գործում:

Ապրիլյան պատերազմին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահն ասել է՝ Ադրբեջանում թերագնահատեցին Արցախի Պաշտպանության բանակի մարտունակությունը, իսկ ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է. ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա: Այնուամենայնիվ, Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանար կասեցնել զենքի տրամադրման ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, առնվազն սահմանափակել այն տեսականու առումով, կամ ապահովեր հավասարազոր մատակարարումներ դեպի Հայաստան: Ըստ Քոչարյանի՝ հայկական կողմն անպատրաստ էր ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռքբերումը լիովին մեր ուժերի սահմաններում էր, օրինակ՝ գիշերային տեսանելիության սարքերը, ջերմատեսները, գիշերային նշանառության սարքերը, կապի միջոցները:

Արցախի Ջրական կամ Ջաբրայիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի 300 մմ-անոց հրթիռի կտորներ են գտել, ինչպես նաեւ կասետային ռումբեր: Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղում գործող՝ բրիտանական Halo Trust կազմակերպության թվիթերյան էջից: Նշենք, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչի» բեկորներն են եւ ևս մեկ անգամ վկայում են, որ քառօրա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ «Սմերչ» է կիրառել:

Ապրիլյան պատերազմից հետո շարունակվող բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին այսօր անդրադարձել է Գալուստ Սահակյանը: Լրագողների հարցին, թե ինչու բոլոր պաշտոնանկ եղածները չձերբակալվեցին եւ ինչու Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ չարվեց, Ազգային ժողովի նախագահն այսպես է պատասխանել:

Երեւանի կենտրոնում օրը ցերեկով ծեծելով մարդ են սպանել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին: «Նիվայի» ուղեւորների եւ տաքսու վարորդի միջեւ վիճաբանություն է եղել, հավաքվածները պատմել են, որ «Նիվայից» իջած տղամարդիկ դաժան ծեծի են ենթարկել տաքսիստին: «Նիվայի» վարորդն ու ուղեւորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Քաղաքացիները վարորդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 48-ամյա Արսեն Խանամիրյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է արյունոտ փայտե ձող: Ավելի ուշ 28-ամյա Վահրամ Վերանյանը ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդին՝ որովայնի եւ կրծքավանդակի շրջանում:

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: 2 տարեկան երեխան ընկել է օրորոցից եւ մահացել: Փոքրիկը ՌԴ քաղաքացի էր: Դեպքի հանգամանքները պարզվում են։

Երեւանում 59-ամյա տղամարդ է ինքնասպան եղել: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչը փակել է տան դուռը, բաց է թողել գազը եւ կտրել երակները: Հարեւանները գազի հոտ են առել, զանգահարել են նրան, սակայն արձագանք չի եղել:

Փրկարարներն ու ոստիկանները դուռը բացելուց հետո հյուրասենյակում գտել են Իվան Շուկի դին՝ արնաթաթախ, կողքին՝ բենզինով լցված տարա: Տղամարդն արդեն 2 տարի է՝ միայնակ էր ապրում, մեկ չափահաս որդի ունի:

Մանրամասներ են հայտնի դարձել Արցախի զորամասերից մեկում հանկարծամահ եղած զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ: Դիրքերից իջնելուց հետո 19-ամյա Սուրեն Մոսիյանը ծառայակիցներին ասել է, որ  իրեն վատ է զգում, կրծքավանդակում այրոց է զգում, սրտխառնոց ունի: Մինչեւ հասցրել են բուժօգնություն  կանչել, երիտասարդը մահացել է։ Սուրենի հարազատների կարծիքով՝ եթե ժամանակին բուժօգնություն ցուցաբերվեր Սուրենը չէր մահանա: Բացի դրանից, նրանք պնդում են, որ Սուրենը զորակոչվել է մի քանի հիվանդություններով, մասնավորապես, երիկամների խնդիրներով:

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ծնողներին խորհուրդ է տալիս ինքնակրթվել, որպեսզի կարողանան իրենց երեխաներին պաշտպանել համացանցի վտանգներից: Երեխաները, նրա խոսքով, համացանցում ամենից շատ ժամանակ անցկացնում են սոցցանցերում եւ կայքերում, որոնց բովանդակությունը չափահասների համար է: Ծնողներին փորձագետը խորհուրդ է տալիս հետեւել, որ երեխաները միայն հատուկ ծրագրերի միջոցով օգտվեն համացանցից, որպեսզի միջավայրը վերահսկելի լինի:

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանւմ մանուկների համար այսօր տարբեր ժամանցային միջոցառումներ են կազմակերպվել: Երեխաների պաշտպանության օրվան էր նվիրված նաեւ օրերս NEWS.am-ի կազմակերպած ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախում ապրիլյան իրադարձությունների ժամանակ զոհված զինծառայողների եւ անապահով ընտանիքների երեխաների կարիքներին: Հանգանակությունը շարունակվում է: Նրանց համար, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել եւ իրենց ներդրումն ունենալ ակցիային, բացվել է հատուկ հաշվեհամար:

Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը հունիսի 1-ին կազմել է 477, ռուբլունը՝  7.14, եվրոյինը՝ 533, իսկ ֆունտինը՝ 691 դրամ:

Հունիսի 2-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում վաղը երեկոյան ժամերին կա կարճատեւ անձրեւի եւ ամպրոպի հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ