Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել (ֆոտոռեպորտաժ):
«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը:
Բանաձեւում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:
Ավելի վաղ Անգելա Մերկելն իր մամուլի քարտուղարի միջոցով հայտնել էր, որ ինքը համամիտ է իր կուսակցության հետ, բայց չի մասնակցի քվեարկությանը: