Արմավիրի հիվանդանոցում 2015թ. հունիսին մահացած 4-ամյա Կարինեի եւ նույն օրը նույն հիվանդանոց ընդունված ու օրեր անց մահացած նորապատցի 5-ամյա Էրիկի գործով մեղադրյալ, «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին հայտնեց տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանը:

Դատարանն Անահիտ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), եւ յուրաքանչյուր երեխայի մասով դատապարտել 2 տարվա ազատազրկման, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը:

Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:

Նշենք, որ Արմավիրի հիվանդանոցում 2015թ. հունիսին մահացած 4-ամյա Կարինեի եւ նույն օրը նույն հիվանդանոց ընդունված ու օրեր անց մահացած նորապատցի 5-ամյա Էրիկի գործերը դատարանը քննում էր միասին:

«Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը երկու գործերով էլ մեղադրվում էր մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ: Երկու դեպքում էլ բժշկուհին իր մեղավորությունը չէր ընդունում:

Ջրաշենցի երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել: Մահվան մեջ երեխայի հարազատները բժշկուհուն են մեղադրում:

Նորապատցի երեխան հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մայրը մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Նրա խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել: