News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր: Բանաձեւում որպես Ցեղասպանություն է բնութագրվում 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների զանգվածային կոտորածները, նաեւ նշում է, որ Գերմանիայի կառավարությունն ընդունում է իր պատմական պատասխանատվությունը կատարվածում:

Գերմանիայի խորհրդարանի առջեւ հայ երիտասարդները հայրենասիրական երգով ու պարով են նշել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Բունդեսթագի շենքի առջեւ հնչում էր հայկական երաժշտություն, ծածանվում էին հայկական, հունական, ասորական եւ քրդական  դրոշները: «Մենք բոլորս հայ ենք»,- բացականչում էին քրդերը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից անմիջապես հետո, ինչպես եւ սպասվում էր, Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բունդեսթագի որոշումը լրջորեն ազդելու է թուրք–գերմանական հարաբերությունների վրա։ Պաշտոնական այցով Քենիայում գտնվող Էրդողանն ասել է՝ իրենց հետագա քայլերը կորոշեն Թուրքիա վերադառնալուց հետո:

Գերմանիայում իշխող խորհրդարանական մեծամասնության հեղինակած բանաձեւի ընդունմանն արձագանքել է նաեւ Անգելա Մերկելը: Գերմանիայի կանցլերն ասել է՝ երբ դուք այնքան էլ համաձայն չեք ձեր գործընկերների հետ եւ որոշ հարցերում տարաձայնություններ ունեք, դա նույնպես ժողովրդավարական մշակույթի մի մասն է:

Բեռլինում Մերկելի հետ համատեղ ասուլիսում թեմային անդրադաձել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ մեր արժեքավոր գործընկերը՝ ասել է նա: Եվ Մերկելը եւ Սթոլթենբերգը հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն:

Հունիսի 2-ին հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում: 19-ամյա Խորեն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից էր, մեկ տարվա զինծառայող: Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը, առայժմ պարզ չէ:

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է կառավարության որոշումը, որով հաշմանդամություն ձեռք բերելու կամ մահվան դեպքում տրամադրվող պետական երաշխիքները տարածվելու են նաեւ կամավորների վրա: Նշենք, ներկայում գործող կարգով, զինծառայողների մահվան դեպքում նախատեսվում են  միանվագ վճարումներ՝ ապահովագրության, թաղման ծախսերի եւ գերեզմանի բարեկարգման համար, ինչպես նաեւ ամսական թոշակ, եթե ընտանիքը կորցրել է կերակրողին:

Հովիկ Աբրահամյանն այսօր ներկայացրել է մենաշնորհների դեմ պայքարի ուղղությամբ մինչեւ հիմա կատարված աշխատանքը: Ուսումնասիրություններից ու քննարկումներից վարչապետը եզրակացրել է՝ կարեւորագույն ապրանքային շուկաները՝ այդ թվում՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները,  Հայաստանում մենաշնորհային չեն, սակայն հանրությունը դրանք ընկալում է որպես մենաշնորհային, իսկ պատճառն այդ շուկաներում կենտրոնացվածության բարձր աստիճանն է, ինչի հետեւանքով խաթարվում է մրցակցությունը, փոքր եւ միջին ձեռնարկատերերը շուկայից դուրս են մղվում: Հովիկ Աբրահամյանը կրկին հանձնարարականներ է տվել այդ եւ մյուս թերությունները շտկելու համար:

Սերժ Սարգսյանի հրամանագրով  Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մանվել Բադեյանը: Նշենք, որ Մանվել Բադեյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է: Նա ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով, հետեւաբար նրա մանդատի համար նոր ընտրություն պետք է անցկացվի:

Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:

Հերթական ձերբակալությունը Զինված ուժերում՝ այս անգամ կաշառք ստանալու կասկածանքով: Ձերբակալվածը փոխգնդապետ Շանթ Ավետիսյանն է՝ Զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետը, որը կասկածվում է քաղաքացուց 12 հազար դոլար կաշառք պահանջելու մեջ՝ նրա որդուն պարտադիր զինծառայությունից 3 տարով ազատելու համար։

Այսօր օրվա երկրորդ կեսին հրդեհ է բռնկվել «Տաշիր» առեւտրի կենտրոնում: Վաճառողներին եւ գնորդներին շենքից տարհանել են, հրդեհն արագ մեկուսացրել: Հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը, կրակը բռնկվել է մալուխների հորանում: «Տաշիր» առևտրի կենտրոնը վաղվանից կվերադառնա աշխատանքային նորմալ գրաֆիկի:

Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել մասնագիտական պարտականությունները թերի կատարելու մեջ, ինչի հետեւանքով երկու երեխա է մահացել: Բացի ազատազրկումից Անահիտ Պետրոսյանը խոշոր գումար պետք է վճարի տուժող կողմերին: Հիշեցնենք, որ 2015թ. հունիսին 4-ամյա Կարինեն եւ 5-ամյա Էրիկը տեղափոխվել էին հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ: Աղջիկը մահացել էր նույն օրը, տղան՝ մի քանի օր անց:

Մայիսի 17–ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազան մտած, ապա ոստիկանների կողմից հոգեբուժարան տեղափոխված Արմինե Առաքելյանը պատմել է, որ այնտեղ ինքը բռնության է ենթարկվել: Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ հիմնադիրը, որն այդ քայլին գնացել է՝ հասկանալու համար, թե ինչպես են քաղաքացիներին վերաբերվում նման հաստատություններում, պատմել է, որ իրեն գետնով քարշ են տվել, ցավեցնելու աստիճանի ամուր կապել անկողնուն, սկսել են խփել ու ծեծել, մինչեւ նրա ղեկավարած կազմակերպության աշխատակիցները եկել են նրա հետեւից:

Նոր մանրամասներ են հայտնի դաձել նախօրեին Երեւանի կենտրոնում ծեծի հետեւանքով սպանված տաքսու վարորդի մասին: Պարզվում է, որ 48-ամյա Արսեն Խանամիրյանը ոչ միայն տաքսու վարորդ էր, այլեւ այդ տաքսի ծառայության տնօրենը, ոը մեկ տարի առաջ էր հիմնել: Արսենը սովորական ընտանիքից էր, ոչ մեկի հետ խնդիրներ չուներ, ուներ 3 անչափահաս երեխա: Նա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ էր: Հիշեցնենք, որ Արսենին դանակահարելու փաստը խոստովանել է «Նիվայի վարորդ» 26-ամյա Վահրամ Վերանյանը: 

Հայաստանն ու Իրանը մտադիր են անվիզա ռեժիմ սահմանել: Որոշման նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում: Համաձայնագրի վերջնական հաստատումից հետո երկու երկրներից քաղաքացիները կարող են մյուս երկրում գտնվել 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրը մեկ:

Կառավարությունը հաստատել է նաեւ Հայաստանի ու Շվեյցարիայի միջեւ վիզային ռեժիմը երկկողմանի հեշտացնելու համաձայնագիրը: Մասնավորապես, սա վերաբերվելու է Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք Շվեյցարիա են մեկնում աշխատելու կամ բուժվելու նպատակով, կենսաթոշակառու են, կամ 12 տարեկանից փոքր: Շվեյցարիա մուտքի արտոնագրի ստացման կարգը կպարզեցվի նաեւ ուսանողների, լրագրողների, մարզիկների ու մի շարք այլ խմբերի համար, որոնք նաեւ կազատվեն վիզայի համար նախատեսված է 35 եվրոյի չափով վճարից:

Հիմնական արտարժույթներից այսօր միայն ֆունտի փոխարժեքն է նվազել, մյուս երեքինն աճել են: Այսպիսով, դոլարի փոխարժեքը կազմել է 477,  ռուբլունը՝ 7.16 դրամ, եվրոյինը՝ 535, ֆունտինը 690 դրամ:

Երեւանում հունիսի 3-ին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +14-ի, իսկ վաղը ցերեկը՝+29-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ