News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետ Կարպետ Գուլոյանն այս պահին Գողթում է եւ փորձում է համոզել առավոտից Երեւան-Գողթ ճանապարհը փակած գողթեցիներին բացել ճանապարհը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ մարզպետը գյուղացիներին խոստացել է դադարեցնել Գեղարդալճի շինաշխատանքները եւ հունիսի 6-ին կազմակերպել հանդիպում պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

Սակայն, գյուղացիները համաձայն չեն մարզպետի առաջարկի հետ, չեն բացում ճանապարհը եւ պահանջում են չեղյալ ահյտարարել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը:

Հիշեցնենք, որ այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն էր ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը:

Ավել վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր փակել են Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր:

Գյուղացիներն ասում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:

Նշենք, որ գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրել էր, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաեւ գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջել էին մինչեւ քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։ Այսօր գյուղացիները փաստում են, որ շինաշխատանքները դադարեցնելու փոխարեն, բանվորները սկսել են նաեւ գիշերներն ինտենսիվ աշխատել։

Տպել
Ամենաշատ