News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գառնեցիների օրինակով այս անգամ էլ ճանապարհ են փակել Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները: Նրանք պահանջել են չեղարկել կառավարության ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման ջուրը տեղափոխել այլ գյուղեր: Գողթեցիները պնդում են, որ այդ դեպքում իրենց հողատարածքների համար ջուր չի մնա։ Ոչ Գողթի գյուղապետին, ոչ էլ Կոտայքի մարզպետին չի հաջողվել համոզել գյուղացիներին բացել ճանապարհը՝ երկուշաբթի հարցը կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու խոստումով: Գյուղացիները ճանապարհը բացեցին միայն ուշ երեկոյան, երբ մարզպետը նրանց խոստացավ դադարեցնել Գեղարդալճի շինաշխատանքները եւ հունիսի 6-ին կազմակերպել հանդիպում պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:  

Ազգային ժողովի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է Խաչատուր Քոքոբելյանի նախագիծը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը  դադարեցնելու վերաբերյալ:  Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ԵՏՄ-ին անդամակցելը մեծ սխալ էր, բայց այս պահին այդ կառույցից դուրս գալը կրկնակի սխալ կլինի. հարկավոր է օգտագործել ԵՏՄ-ում մեր լծակները՝ Արցախի հարցում մեզ համար նպաստավոր որոշումների համար: Իսկ այն, որ ԵՏՄ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, չպետք է դառնա լացուկոծի թեմա Հայաստանի համար:

Նախօրեին Թալիշի դիրքերում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայողի գործով կա ձերբակալված՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող՝ սերժանտ Խաչատրյանը:  Նա կասկածվում է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու մեջ: 19-ամյա Խորեն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից էր, մոտ մեկ տարի առաջ էր զորակոչվել: Խորենը մահացել է կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: 

ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտներ կասկածվում են ավազակային զինված հարձակման մեջ:Հունիսի 2-ի երեկոյան նրանք Երեւանում տաքսի են նստել՝ Գյումրի մեկնելու պատրվակով եւ Լանջիկ գյուղի մոտ դանակի սպառնալիքով վարորդից հափշտակել ոսկյա մատանի, ոսկյա շղթա,  կանխիկ գումար, ապա առեւանգել մեքենան եւ հեռացել՝ վարորդին թողնելու դեպքի վայրում: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Կուրսանտները հայտնաբերվել են եւ ձերբակալվել:

Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող Կարինեն, Ռաֆիկը, ու նրա որդի Սերգեյը հայտարարել են, որ իրենք Պաշտպանության բանակի մասին գաղտնի տվյալներ հաղորդելու համաձայնություն են տվել Ադրբեջանի լրտեսին: Ընդ որում, Սերգեյը, որը ժամանակին Մարտունու զորամասում է ծառայել, ստորագրել է համաձայնություն այն մասին, որ  պայմանագրային ծառայության է անցնելու Մատաղիսում եւ զորամասի վերաբերյալ պարբերաբար տվյալներ է հաղորդելու ադրբեջանցուն:  Երեք մեղադրյալներն էլ հայտարարել են, որ իրենց մեղավորությունը չեն ընդունում: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է ազատազրկում 10-15 տարի ժամկետով:

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստանալուց մեկուկես ամիս անց  բուժման նպատակով Գերմանիա տեղափոխված Արման Լազգիյանի մոտ դրական տեղաշարժն ակնհայտ է՝ այսօր լրագրողներին ասել է Անահիտ Բախշյանը, որը ստանձնել է վիրավորված զինծառայողների բուժման ընթացքին հետեւելու գործը: Ողնուղեղի վնասվածք ստացած մյուս զինծառայողի՝ Ռուբեն Առաքելյանի տեղափոխման համար անհրաժեշտ գումարն էլ արդեն հավաքվել է՝ մասնավոր փոխանցումների, մասամբ էլ՝ Պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցներից: Բախշյանի խոսքով՝ Երեւանի զինվորական հոսպիտալում եւս 2 ծանր վիրավորված զինծառայող կա, որոնք հասարակության ուշադրության կարիքն ունեն: Բախշյանի համար անընդունելի է կառավարության համառությունը՝ զինծառայողներին արտերկիր բուժման չուղարկելու հարցում:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին վիրահատել են: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, թե ինչ վիրահատության է ենթարկվել, չի հաղորդվում: Նրա վիճակը գնահատվում է նորմալ:

Հունիսի 2-ին Հալեպի հրթիռակոծության հետեւանքով 4 հայ է զոհվել: Այսպես կոչված «չափավոր ընդդիմության» զինյալները հրթիռակոծել են հիմնականում հայաբնակ Սուլեյմանիե եւ Նոր Գյուղ թաղամասերը: Նոր Գյուղում հրթիռներից մեկն ընկել է խանութի վրա, ինչի հետեւանքով զոհվել են հայերը:

Գարեգին Նժդեհի արձանի հեղինակները խորհուրդ են տալիս լուրջ չընդունել քաղաքաշինության նախարարի մեկնաբանությունը: Նարեկ Սրգսյանը կատակել է՝  հայտարարելով, թե Երեւանի կենտրոնում տեղադրված Նժդեհի արձանը Պետրոս 1-ին է հիշեցնում, քանի որ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը Սանկտ Պետերբուրգում է սովորել:Քանդակագործը վստահեցնում է՝ ինքը փորձել է ներկայացնել Նժդեհի հավաքական կերպարը, նրան որեւէ մեկին չնմանեցնել:

Դոլարը շարունակում է արժևորվել, իսկ մնացած հիմնական արտարժույթները՝ թուլացել են:  Դոլարի փոխարժեքը կազմել է 478, ռուբլունը՝ 7.14, եվրոյինը՝ 532, իսկ ֆունտինը՝688 դրամ:

Երեւանում հունիսի 4-ին, երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ