Հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 59-ամյա Վահան Գրիգորյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վ. Գրիգորյանը գիտակցության չգալով՝ ժամը 21.30-ին մահացել է:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում արձակված կրակոցից, Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում:

Ըստ Վ. Գրիգորյանի որդու` 32-ամյա Արտակ Գրիգորյանի հայտարարության, ինքը նշված վայրում, հոր կողքին, հայտնաբերել է նրան պատկանող «Մակարով» ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով: Հենց նա էլ հորը հասցրել է հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին: