ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին, շնորհավորել եւ հաջողություններ մաղթել նրան:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահն իր խոսքւոմ, մասնավորապես, ասել է.
«Արմեն Գեւորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի եւ այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել:
Այդ ընթացքում նա առնչվել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը եւ մեր պետությանը մեկ անգամ եւս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարեւոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում: Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որեւէ կարեւոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետեւ այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Արմեն Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին վստահության համար եւ նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսեւորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,-ասել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը:
Նշելով, որ արդեն հասցրել է ծանոթանալ իր գործընկերների մի մասի հետ եւ համոզված է, որ Խորհուրդը կարող կառույց է, ՀՀ ԱԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ նրանց հետ միասին կփորձի անել ամեն հնարավորը՝ պարտաճանաչորեն եւ բարձր որակով իրականացնելու Խորհրդի առջեւ դրված պարտականությունները:
ԱՐՄԵՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Արմեն Անդրանիկի Գեւորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երեւան քաղաքում:
1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
Համատեղությամբ ավարտել է նաեւ Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։
1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական, այնուհետեւ՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007թ. հունիսից մինչեւ 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2008թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:
Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Ղեկավարել է Հայաստանի եւ Պարսից ծոցի ու Մերձավոր Արեւելքի որոշ երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ միջպետական հարաբերությունների զարգացման տարբեր կառույցներ:
2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:
2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:
Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների պարգեւներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր։





























