Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրենք կհետաքննեն ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Հայ Խանումյանի հետ միջադեպը:  Այս մասին հունիսի 6-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Չեմ կասկածում, որ ԼՂՀ իշխանությունները կհետաքննեն կատարվածը»,- ասել է նա՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: «Նրանք ունեն ընտրած նախագահ եւ խորհրդարան: Կա իրավապահ համակարգ, որը կպարզի, թե ինչ է պատահել»,- ասել է Շարմազանովը:
Իրն ելույթում Փոստանջյանը պահանջել էր պատասխանատվության կանչել ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի վրա հարձակվողներին:

Փոստանջյանի խոսքով, Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նա այս պահին հիվանդանոցում է գտնվում. «Նա ստացել  մարմնական վնասվածք: Կոչ եմ անում պատգամավորներին՝ դատապարտող հայտարարությամբ հանդես գանք եւ պարզենք՝ ովքեր են այդ հարձակում կատարողները: Եթե մեր մյուս գործընկերոջ՝ Կարո Փայլանի նկատմամբ թուրքական խորհրդարանում են բռնության ենթարկում, ապա այս դեպքում մեր հայկական 2-րդ հանրապետության մայրաքաղաքում է բռնության ենթարկվել: Պետք է Հայկ Խանումյանին շուտափույթ ու պատշաճ բուժօգնություն տրամադրվի: Նաեւ՝ ընդգծենք, որ նա նաեւ լրագրող է ու բռնության է ենթարկվել: Այսօր գտնվում ենք աշխարհի էպիկենտրոնում, այս բոլոր լուրերը հասանելի են դառնալու ողջ աշխարհին, եւ Ստեփանակերտը պետք է լինի ժողովրդավարության կղզյակ, այլ ոչ թե բռնության»:

Ի պատասխան Շարմազանովն ասել է. «Դուք էիք, չէ՞, կոչ անողը՝ ԼՂՀ անկախության ճանաչման… Դե որ այո, ապա ԼՂՀ-ն ինքնուրույն, ժողովրդավար պետություն է, եւ այս ամբիոնից կոչեր անել ԼՂՀ-ին, կարծում եմ՝ ճիշտ չէ: ԼՂՀ-ում կա իրավապահ համակարգ, եւ ես համոզված եմ, որ նրանք կքննեն այդ հարցը ու օրենքի սահմաններում՝ կորոշեն՝ ինչ է եղել: Եվ այստեղ կարիք չկա ստվեր նետել… Մենք ո՞վ ենք, որ այստեղից ԼՂՀ դասեր տանք: ԼՂՀ-ն ունի ընտրված նախագահ, ԱԺ, իշխանություն ու իրավապահ համակարգ»: