58-ամյա Ե. Խաչատրյանի սպանության գործով կա ձերբակալված:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հունիսի 4-ին՝ ժամը 23.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սովետաշենի «ավտոշուկայի» մոտ ուշագնաց տղամարդ կա ընկած և ինչ-որ անձինք հարձակվել են նրա վրա:
Նախնական տվյալներով՝ այդ օրը ժամը 23-00-ի սահմաններում մի խումբ անձինք Երևանի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց բազմաթիվ հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի: Ըստ դատաբժիշկի բանավոր հայտարարության, որը կատարվել է նախնական դիահերձման ժամանակ, Խաչատրյանի մահը վրա է հասել գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարումից՝ գանգուղեղային բաց բութ վնասվածք ստանալու հետևանքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից), ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, զննվել է դեպքի վայրը և առգրավվել են տեսանկարահանող սարքեր, տուժողի բջջային հեռախոսը։ Հարցաքննվել են դեպքի վայրի հարակից հատվածում գործող ավտովերանորոգման կետի տնօրենը, աշխատակիցները, տուժողի մայրը, որը դեպքի ժամանակ եղել է որդու հետ՝ վերջինիս վարած ավտոմեքենայի մեջ, ինչպես նաև՝ օգնության հասած անցորդներ, այլ վկաներ։
Առգրավվել են մի քանի անձանց՝ դեպքի պահին կրած հագուստները, վերցվել փորձանմուշներ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ կենսաբանական, հետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն։
Սպանությանը մասնակցելու կասկածանքով հունիսի 5-ին մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











