«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ընդունելության միասնական քննության ժամանակ այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանի պետական բժշկական համալսարանում բացված քննական կենտրոնում նախորդ տարիների համեմատ կարգն ավելի խիստ էր:
Դիմորդները նախքան քննասեղանին մոտենալը տեղադրված սեղանների վրա թողեցին իրենց հետ վերցրած շշով ջրերն ու քաղցրավենիքները, հեռախոսները: Փոխարենը քննական կենտրոնի ղեկավարը նրանց խորհուրդ տվեց քիչ ջուր խմել, որ հետո զուգարանի պատրվակով դուրս չգնան:
«Չի արգելվում ջուր խմելը, այստեղ միանգամյա օգտագործման բաժակներ էլ կան, ջրեր էլ: Բայց խորհուրդս ձեզ՝ քիչ ջուր խմեք, որովհետեւ ջուրը ու նրա հետեւանքները՝ հետո էլ պիտի ուզեք ուրիշ տեղ գնալ»,- դիմորդներին ասաց քննական կենտրոնի ղեկավարը:
Այս քննական կենտրոնում, որտեղ 150 դիմորդ էր քննություն հանձնում, կարգի խախման դեպքեր չեն արձանագրվել:
Նշենք, որ այսօր հանրապետությունում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից ընդունելության միասնական քննություն է հանձնել ընդհանուր 11 հազար 375 դիմորդներից ավելի քան 6 հազարը:











