ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կոչ է անում դադարեցնել բանակի թերությունների, բացթողումների հրապարակային բարձրաձայնումը:

«Եթերով առարկայական մանրամասն բարձրաձայնվում են բանակի սպառազինության կարիքները, թիկունքային ծառայությունների մատուցման քանակն ու որակը, մարտական հերթապահության կրման բացթողումները, առաջնագծի համալրման անհրաժեշտությունը, պաշտպանական տակտիկայի նախընտրելի ձեւերը, ինչով ակամա վտանգվում են առաջնագծում կանգնած զինվորն ու սպան: Երեւույթը հատկապես հարիր չէ զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած, բանակի շինարարության գործում ներդրում ունեցած անհատների համար»,- այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը՝ նշելով, որ  ապրիլյան պատերազմը պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ ի ցույց դրեց, որոնք պետք է  մասնագիտական խորը ուսումնասիրության ենթարկել ու օր առաջ շտկել:

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իշխանությունները պարտավոր են ոլորտում փորձառություն ու գիտելիքներ ունեցող քաղաքացիների առաջարկություններն ու դիտարկումները քննարկելու ձեւաչափ գտնել:

ՀԱԿ պատգամավորը նշեց նաեւ, որ իր համար անհանդուրժելի երեւույթ է այն, որ հետապրիլյան օրերին զորամասեր այցելած պաշտոնյաներին, արվեստի գործիչին, մեծահարուստին դիմավորում են շարահրապարակում կանգնած զինվորական ստորաբաժանումները:

«Զայրույթը թաքցնել հնարավոր չէ: Պաշտպանության նախարարի ո՞ր հրամանով է նախատեսված զինվորական պատվի ու ընդունելության արժանացնել զինված ուժերի հետ կապ չունեցող որեւէ մեկին: Ո՞վ է իրավունք տվել վիրավորել մեր զինվորականի պատիվն ու արժանապատվությունը»,- ասաց նա: