Հայտնի է մայիսի 21-ին Արցախի Քաշաթաղի «Տաք ջրեր» կոչվող լճում 3 երիտասարդի խեղդվելու պատճառը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը նշեց, որ հաստատվել է նախնական վարկածը:

«Ինչպես որ նախնական վարկածն էր, երիտասարդները խեդդվել են լճից դուրս եկող գազից: Պարզվել է, որ վերջին շրջանում ջուրը պակասել էր, իսկ գազն ավելացել, այդ պատճառով էլ երիտասարդները հենց մտել էին լիճ, կարճ ժամանակ անց խեղդվել էին»,- ասաց Դավիթ Դավթյանը՝ հավելելով, որ ուսումնասիրության վերջնական արդյունքները կհաղորդեն ԼՂՀ իրավապահ մարմինները՝ փորձաքնությունն ավարտելուց հետո:

«Տաք ջրեր» լճում այսուհետ արգելված է լողալ: Ըստ Դավթյանի, նույնիսկ հանգստյան գոտին են փակել: Չի բացառվում, որ առաջիկայում նաեւ տարածքը ցանկապատվի ու կողպեք տեղադրվի՝ ողբերգական միջադեպերից խուսափելու համար:

Նշենք, որ այդ լճից հանքային ջուր է դուրս գալիս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում: Երեք երիտասարդ դեռեւս չպարզված հանգամանքներում խեղդվել են: Նրանցից մեկը Բերձորից էր, մյուս երկուսը՝ Գորիսից: