Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակը աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ։ Նման հայտարարություն է արել ԱԺ–ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ արք. Արամ Աթեշյանի նամակն ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խայտառակ ու անբարո է։ «Սա պետական, ազգային դավաճանություն է հոգեւորականի կողմից, որի նախադեպը հայոց ողջ պատմության մեջ չի եղել»,–ասել է Զոհրաբյանը՝ շեշտելով, որ իրեն արդեն դիմել են պոլսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

ԲՀԿ խմբակցության առաջնորդը շեշտել է, թե պետք է ակնկալել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է եկեղեցական կանոնակարգերով, իրեն վերապահված լիազորություններով, ինչպես նաեւ եկեղեցական ընդհանուր ժողով հրավիրելով՝ դնի արք. Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարցը։

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանը, ով ոչ թե ընտրվել է հայ համայնքի կողմից, այլ նշանակվել Էրդողանի կողմից, Բունդեսթագի բանաձեւի  հետ կապված նամակ է գրել Էրդողանին՝ հայ համայնքի անունից քննադատելով Գերմանիայի որոշումը՝ պնդելով, թե իմպերիալիստները հայկական հարցն ու հայերի վիշտը օգտագործում են իրենց շահերի համար։ Նամակում Աթեշյանը ափսոսանք է հայտնել Գերմանիայի ընդունած բանաձեւի համար։

Ստամբուլի հայկական «Ակոս»–ն էլ իր հերթին բաց նամակ էր հղել Աթեշյանին՝ շեշտելով, որ ամոթի ու զայրույթի զգացում են ընթերցել Էրդողանին ուղղված Աթեշյանի նամակը։ «Ակոս»–ի նամակում շեշտվել է, որ Աթեշյանի նամակի բովանդակությունը վիրավորանք է հայ ժողովրդի նախնիների, զոհերի ու ժառանգների համար։