Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին  կնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանն այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ անգամ եւս պնդեց, իր կինն իրեն թուրքի հետ է դավաճանել. «Ես իմ աչքով տեսել էի Skype-ի  զանգերը, լսել էի՝ ինչպես են խոսելու ժամանակ անհասկանալի ձայներ հանում,  կենդանական ձայնով էին միմյանց հետ խոսում: Ես  կոմպի մեջ էլ եմ տեսել իրենց խոսակցությունները, նամակները կարդացել եմ, երեխեները  նույնպես տեսել են, բայց իրենց ցուցմունքում հերքել են, թե նման բան են տեսել»:

Արտակ Առաքելյանը նշեց, որ դանակը, որով սպանել է կնոջն, իրեն է պատկանում ՝ այն իր մոտ է պահել ապահովության համար:

«Դանակն իմն է, վերցրել եմ հետս ապահովության համար, որովհետեւ միշտ սպառնալիքների տակ էի: Հեղիննեն իմ հետեւից էր ընկած, հարյուր անգամ ինձ զանգել ա, ուզում էր հարաբերություններ պարզել հետս»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: