News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին ծեծի ենթարկված՝ Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը պնդում է, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պաշտոն տալու պահանջը բացառապես իր եւ իր համախոհների ցանկությունն է եղել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Խանումյանն անդրադարձել է իր նկատմամբ հունիսի 6-ին կիրառված բռնությանն ու Սամվել Բաբայանի այ հայտարարությանը, թե Հայկ Խանումյանը ղալաթ է անում, որ իրեն առաջարկում է պաշտպանության նախարար

Պարոն Խանումյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում:

Նորմալ եմ, դեպի ապաքինում է գնում: Այս պահին դեռեւս հիվանդանոցում եմ:

Ի՞նչ փուլում է նախաքննությունը:

Ինչպես գիտեք, քրեական գործը հարուցված է: Ես ցուցմունք եմ տվել, փորձաքննություններ են նշանակվել, քննչական խումբ է ձեւավորված, տարբեր ուղղություններով աշխատում են:

Ձեր ֆեյսբուքյան էջում դեպքի օրը գրառում էիք կատարել, որ ճանաչում եք Ձեզ ծեծողներից 7-ին: Արդեն պարզվե՞լ են նրանց ինքնությունը:

Ես ընթացքում այդ անունները կտամ ոստիկանությանը, քանի որ մի մասին դեմքով եմ ճանաչում ու տարբեր տեղերում եմ տեսել: Մինչեւ այդ բոլոր անունները կնույնականացնեմ, բայց գործով նաեւ փաստաբան եմ ներգրավվել, որի հետ նույնպես պետք է քննարկենք այդ հարցերը: Կարծում եմ՝ շատ արագ այդ ամենն ի հայտ կգա, քանի որ տեսաձայնագրություններ էլ կան, որոնց միջոցով առեւանգողներին կարելի է պարզել: Ըստ իս, առաջնահերթ սա պետք է լինի, բայց այնուամենայնիվ, քննչական գործողություններ են կատարվում, չեմ ուզում ինչ-որ բան ասելով խանգարել, թողնում եմ քննիչներին:

Պարոն Խանումյան, այս ամենի մեջ Դուք քաղաքական հետք տեսնո՞ւմ եք: Շատ է խոսվում, որ այս ամենը կապված է Սամվել Բաբայանի վերադարձի հետ:

Բնականաբար, քաղաքական է, որովհետեւ պատգամավորի առեւանգումը, ծեծը չի կարող քաղաքական չլինել: Նամանավանդ, ծեծողները պահանջ էին դրել քաղաքականությունից հրաժարվել, մանդատը վայր դնել: Հետեւաբար, սա քաղաքական հետք ունի, մնում է պատվիրատուներին ճշտել:

Դուք եւ Ձեր համախոհները հունիսի 5-ին՝ Սամվել Բաբայանի վերադարձի օրը, Ստեփանակերտում պահանջեցիք նրան նշանակել Պաշտպանության նախարար: Մեկ օր անց, սակայն, Բաբայանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չի եղել նման պահանջի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Սամվել Բաբայանին նախարար նշանակելու պահանջը հասարակության մի հատվածի ցանկությունն է եղել, որը ձեւակերպվել եւ ներկայացվել է: Բաբայանն ընդամենն ասել էր, որ պատրաստ է ծառայել ժողովրդին, մենք տեսել ենք այդ ծառայությունը նախարարի պաշտոնում եւ ժողովրդի մի հատվածն է այդպես տեսել: Այդ ցանկությունը ձեւակերպել ենք եւ ներկայացրել ենք: Այնպես չէ, որ Բաբայանի հետ քննարկված է եղել, նորից եմ կրկնում՝ սա եղել է հասարակության մի հատվածի ցանկությունը: Մենք այդպես ենք տեսել, էլի եմ կրկնում՝ մենք այդ քայլով փորձել ենք բարձրացնել Արցախի՝ գործոն լինելու նշանակությունը:

Իմ, մեր համախոհների եւ հասարակության որոշակի հատվածի ցանկությունն էր, որ Արցախում լինի մի նախարար, որը կկարողանա ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա, մասնավորապես կոնկրետ զինատեսակների գնումների եւ այլ տարբեր քաղաքական որոշումների վրա:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա։

Տպել
Ամենաշատ