58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) մայրը, որի աչքի առաջ սպանել են որդուն, առերեսվել է մեղադրյալ 26-ամյա Խաչիկ Կոսյանի հետ, հաստատել, որ նա է եղել որդուն հարվածողներից մեկը:
«Սկեսուրս ճանաչել է Խաչիկ Կոսյանին, տեսել, ասել է՝ նա է: Մյուս երկուսին էլ նկարով է ճանաչել: Կռիվը հրահրել է հենց Արտաշես Չիչոյանը: Եկավ, ասեց, մի հատ տղա էր սեւ, խոշոր աչքերով, ես կճանաչեմ: Նկարը ցույց էին տվել քննիչները, նույն րոպեին ճչացել է, ասել է` ինքն է, որ թռավ որդուս դեմքին ու վատացել է»,- NEWS.am-ին պատմեց Փառանձեմ Մեյթիխանյանը:
Փառանձեմ Մեյթիխանյանը պատմեց, որ դեպքի օրը ամուսինն ու սկեսուրը՝ տիկին Ասյան գնալիս են եղել իրենց պապական Դեղձուտ գյուղ՝ առավոտյան հողամասում աշխատանքներ անելու համար, ճանապարհին նկատել են, որ տան բանալիներից մեկը մոռացել են վերցնել ու վերադարձել են տուն: Սպանվածի մայրը պատմել է, որ վերադառնալիս Նուբարաշենի խճուղում ավտոմեքենա է եկել բարձր արագությամբ եւ իրենք հազիվ են հասցրել արգելակել ժամանակին, որ վթարի չենթարկվեն:
«Գազանային արագությամբ գալուց են եղել, երբ արգելակել են: Ամուսինս ասել է՝ անասուններ, ոչխարներ, մտնում եք մեքենայի տակ: Նրանք էլ սկսել են հայհոյել, դե ոնց կարող էին հանդուրժել, որ ինչ-որ «Ֆորդի» վարորդ իրենց նման բաներ ասեր: Էդ հեղինակությունների ուղեղին չի հասնում, որ «Ֆորդի» մեջ կարող է ինտելիգենտ, կիրթ մարդ լինել»,- պատմեց Փառանձեմ Մեյթիխանյանը:
Սպանվածի մայրը պատմել է, որ կռիվը հրահրել են մեքենայի մեջ եղած տղաները, Եղիշե Խաչատրյանը պաշտպանվել է: Տիկին Ասյան օգնություն է կանչել, քիչ անց տեսել է, որ երեք հոգի են մոտենում դեպի իրենց:
«Թեքվել է, ասել՝ վայ, հասեք, օգնեք, մտածել է` օգնող են գալիս: Ու Խաչիկի դեմքը էդտեղ է տպավորվել: Հասել է սկեսուրիս վրա, ասել է` ո՞ւմ ախպորն եք ծեծում ու հրել է սկեսուրիս, գցել գետնին»,- պատմեց տիկին Փառանձեմը:
Տիկին Ասյան այդ ժամանակ նկատել է, որ որդուն բութ գործիքով հարվածել են, գետնին գցել, 6 հոգով ոտքերով հարվածել:
«Սկեսուրս ասում է՝ որ ընկավ, վեցն էլ քացիներով սկսեցին հարվածել մեկը չեղավ, որ բաժաներ: Հետո երբ անշարժացած է եղել, իրենք շարունակել են հարվածել»,- ասաց սպանվածի կինը:
Փառանձեմ Մեյթիխանյանը վստահ է՝ ամուսնուն գետնին տապալել չէին կարողանա, եթե բութ գործիքով չհարվածեին: Նա պահանջում է, որ 6 հոգին էլ պատասխանատվության ենթարկվեն: Նրանց հետ նաեւ մի աղջիկ է եղել, որը, սպանվածի մոր պատմելով, ոչինչ չի արել՝ իրավիճակը փրկելու համար: Կնոջ օգնության կանչերին չեն արձագանքել նաեւ ավտոմքենայով այդտեղով անցնողները:
NEWS.am-ի հետ զրույցում տեղի ունեցածը Խաչիկ Կոսյանի հայրը՝ Հակոբ Կոսյանը, այլ կերպ ներկայացրեց, ավելին, պնդելով, որ առերեսման ժամանակ Եղիշե Խաչատրյանի մայրն իր որդուն չի ճանաչել. «Տուժողի մոր հետ ճանաչման են ներկայացվել, այդ կինը Խաչիկին չի ճանաչել, ուրիշ վկաներ էլ են եղել, ասել են, որ Խաչիկը մոտիկ չի գնացել: Վերջին հաշվով իրա հագուստը ուղակել են փորձաքննության, որով կպարզվի՝ մասնակցություն ունեցել է այդ միջադեպին, թե ոչ»:
Հակոբ Կոսյանը պատմեց, որ իր որդին այդ օրն Արզնիում կոլեկտիվով քեֆի է լինում եւ մեքենան խփում է, այնուհետեւ էվակուատորով մեքենան ուղարկում է ավտոսպասարկման կայան. «Ընկերոջն էլ զանգում ասում ա՝ գնա մեքենան դիմավորի: Ընկերն էլ զանգում ասումա՝ ավտոմեքենան տեղ ա հասել, բայց մեքենան էվակուատորի վրայից չեն կարող իջեցնել, որովհետեւ բանալի չկա: Բանալիները Խաչիկի մոտ են լինում, Խաչիկն էլ տաքսիով գնում ա էնտեղ: Վերջը իջացնում են, մի 40 րոպես հետո ներքեւից մի տաքսի մեքենա է անծանոթ բարձրանում ու հետեւից 2 կամ 3 հոգի վազելով գալիս են դեպի էդ տաքսու վարորդը փողոցի կողմից, որը ավտոսպասարկման կետից հեռու է մի 60 մետր: Հետո Խաչիկը տեսնում է, որ էդ եկողներից մեկը մեր թաղի Արարատ Նիկողոսյանն է, տաքսու վարորդին վրա ա տալիս, թե՝ արա էդ ում արա ասացիր, Խաչիկն էլ չի թողնում, որ միջադեպ լինի: Հետո ներքեւից աղմուկի ձայներ ա լսում էդ պահին, կնոջ ճիչեր ա լսում: Ավտոսպասարկման կայանում ովքեր որ եղել են, բոլորը վազել են ներքեւ, տեսնում ՝ էդ մարդու մարմինն անշնչացած ընկած է, մայրն էլ վրան լացելիս է եղել»:
Հակոբ Կոսյանը նշեց, որ իր որդին մասնակցություն չի ունեցել ծեծկռտուքին եւ հասել է այն պահին, երբ Եղիշե Խաչատրյանին ծեծկռտուքի մյուս մասնակիցներն արդեն սպանած են լինում. «Խաչիկը ծեծկռտուքի ժամանակ փողոցում է եղել, էդ միջադեպից հեռու ու չի տեսել, թե կոնկրետ ով է ծեծել էդ տղամարդուն: Խաչիկը դեպքի վայրում Արտաշեսին ու Արարատին էլ չի տեսել, Խաչիկի հետ մարդ է եղել, որը Արտաշեսին տեսել ա ու ցուցմունք տվել , որ Արտաշեսը եղել է էնտեղ»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին:
Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։
Քննությամբ պարզվել է նաեւ, որ խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաեւ նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարեւանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ եւ վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Գործն ուղարկվել է ՀՔԾ, քանի որ մեղադրյալը ԴԱՀԿ աշխատակից է:
Նույն գործով մյուս մեղադրյալներից 23-ամյա Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի կնոջ եղբայրն է, իսկ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը՝ նրա մտերիմ ընկերը: Վերջիններս գտնվում են հետախուզման մեջ:





























