News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նժդեհի արձանի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունից րոպեներ անց պատասխանել եմ, եւ կարծում եմ շատ ատամով, ամբողջական պատասխան էր, որը դրվել է համապատասխան պաշտոնյայի սեղանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որով նա իր զարմանքն էր արտահայտել Երեւանում Նժդեհի արձանի տեղադրման փաստի վերաբերյալ:

Նա հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի ԱԳՆ-ի լռությունը այս փաստի առնչությամբ, սակայն, միաժամանակ անթույլատրելի համարեց անտեսել Զախարովայի հայտարարությունը. «Չի կարելի գլուխը կոխել հողի տակ եւ ջայլամի քաղաքականություն վարել»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե Նժդեհի մասին նյութեր են պատրաստել ռուս գործընկերների համար, Շարմազանովն արձագանքեց. «Մենք ոչ մեկին ոչ մի բան չենք ուղարկում, ես պատասխանել եմ, եւ իմ պատասխանը դրվել է համապատասխան պաշտոնյայ սեղանին: Նժդեհը մեր մեծագույն հերոսներից է, ինչպես Ալեքսանդր Նեւսկին ռուս ժողովրդի համար: Յուրաքանչյուր ազգ պետք է մեծարի իր ազգային հերոսներին»:

Շարմազանովն ընդգծեց, որ Նժդեհը հակառուս չի եղել. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նրան ներկայացնել հակառուս գործիչ, չարաչար սխալվում են: Նժդեհը փայլուն հարաբերություններ է ունեցել ռուսական մտավորականության նմերկայացուցիչների հետ, ուսանել է Պետերբուրգի համալսարանում: Նժդեհը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցարական բանակի հայկական կամավորական երկրորդ գնդի հրամանատարն էր: 1916-ին Գեորգիեւյան խաչի է արժանացել ռուսական բանակի հրամանատարության կողմից: Երկրորդ՝ 1946-48 թվականներին Նժդեհի նամակներն ու գրառումների մեջ «Ինչու ստեղծվեց Ցեղակրոն շարժումը» հոդվածում ասում է՝ «Հայ ժողովրդի եւ ցեղակրոնի միակ դաշնակիցը մեծ ռուս ժողովուրդն է: Փորձել Նժդեհին ներկայացնել հակառուս գործիչ, ծիծաղելի է: Նա իր ողջ կյանքը նվիրել է հանուն Հայաստանի անկախության եւ հզորության»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով»:

Նշենք, որ Գարեգին Նժդեհը (1886թ. դեկտեմբերի 31 - 1955թ. դեկտեմբերի 21) հայ ռազմական եւ քաղաքական գործիչ է, ազգային հերոս: Գարեգին Նժդեհի շնորհիվ խափանվեց Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի օրինակով Զանգեզուրն Ադրբեջանին միավորելու՝ բոլշեւիկների ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ