Գյումրիի Գաբարդինսկի 24 հասցեում արտառոց դեպք է գրանցվել. այսօր` հունիսի 14-ի վաղ առավոտյան, շենքի բնակիչները լսել են կրակոց ու վախեցած դուրս վազել բնակարաններից, սակայն ոչինչ չեն նկատել: Բնակիչները հայտնաբերել են կրակոցի հետեւանքով Սոնա Եղիազարյանի բնակարանի պատուհանի կոտրված ապակին:
«Առավոտ 8.17-ն էր, ուժեղ կրակոցներ լսեցի, բոլորս վախեցած դուրս եկանք, բան չտեսանք: Կրակոց էր, քանի որ սա քարի խփած չէր, ապակին կոտրված էր»-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոնա Եղիազարյանը:
Ավելի ուշ վնասված պատուհանի տակ հայտնաբերվել է որսորդական հրացանի փամփուշտի հետք, իսկ շենքի դիմացի ավտոտնակներից մեկի կտուրին էլ ընկած էր սատկած աղվես, որին, բնակիչների ենթադրությամբ, խփել են որսորդները:
«Նստած էի, մեկ էլ կրակոց լսեցի, նայեցի բան չտեսա, հարեւանս եկավ ասաց՝ կրակոցի ձայնը լսեցի՞ր: Մտածեցի աղվեսին կրակեցին, էստեղ շատ են աղվեսները, վտանգավոր են, հավ էլ չենք կարող պահել, երեխաներ կան փոքր, որոնց համար վախենում ենք»,-ասաց բնակիչներից Գայանե Չախալյանը:
Բնակիչները պատմում են , որ աղվեսներն օրվա ցանկացած ժամի ազատ տեղաշարժվում են բակում եւ ավտոտնակների կտուրներում: Նրանց խոսքով իրենք արդեն չեն էլ օգտագործում ավտոտնակները, քանի որ այնտեղ բնակություն են հաստատել չորքոտանիները:
«Էնքան շատ են, որ մեկ էլ տեսար ցերեկը դուրս ենք գալիս, տեսնում ենք աղվեսները տանիքների վրա պառկած են ու իրար հետ խաղում են: Դրանք ձագեր են, հաշվել ենք 3 հատ մեծ, 9 հատ փոքր: Էդ դարդից մեր ավտոտնակները չենք օգտագործում»,-ասացին բնակիչները:
Նրանք տարածքում որսորդների երբեւէ չեն հանդիպել, այսօր առավոտյան էլ կրակոցի ձայնից են միայն ենթադրել, որ դա որսորդ կարող է լինել:
Վախեցած բնակիչները խնդրում են մարզային ու քաղաքային իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ տարածքը աղվեսներից մաքրելու եւ անվտանգ դարձնելու համար:

















