News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


   Սոցցանցերում թեժ քննարկումներ են սկսվել նախօրեին տարածված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության տարածած տեսանյութի առնչությամբ: Տեսանյութի հեղինակները հայտարարում են, որ այն արվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Դրանում երեւում է՝ ինչպես է հայկական դիքրերին մոտենում ադրբեջանական զորքը: Հայ զինվորներն անընդհատ հաղորդում են, որ հակառակորդը մոտենում է, եւ խնդրում են կրակելու հրաման տալ, որը, սակայն, այդպես էլ չեն ստանում: Լսվում են նաեւ հայհոյանքներ, թե ինչու իրենց չեն թողնում կրակել: Նախօրեին նախաձեռնությունը տեսանյութը հանձնել էր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ՝ որպես ապացույց, որ ադրբեջանական կողմն է սկսել ապրիլյան պատերազմը: Ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի պաշտպանության նախարարությունները հարկ չեն համարել արձագանքել տեսանյութին:  Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը միայն ասել է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը պաշտպանության բանակի ողջ անձնակազմն իրեն դրսեւորել է փայլուն կերպով:

Բաքվում աղմուկ է բարձրացել բնակիչներից մեկի տան առջեւ հայտնաբերված՝ Հայաստանի քաղաքացու վարորդական վկայականի պատճառով: Ավելի ուշ պարզվել է, որ այն պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված, ապա Կարմիր Խաչի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին: Հիշեցնենք, որ Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Փոխգնդապետն ընկերների հետ դիրքեր էր մեկնել, որտեղ նրանց մեքենան շրջափակման մեջ էր հայտնվել:

Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումը այսօր թեժ ելույթների առիթ է դարձել Ազգային ժողովում:  Տնտեսագետ պատգամավորների կարծիքով՝ նախագիծն ամբողջապես չի ապահովում հարկային գործընթացների լիարժեք ազատականացում, աշխատավարձերը ստվերային կդառնան,փոքր եւ միջին բիզնեսի թղթաբանությունը կավելանա:

Գյումրիում աշնանը թեժ է լինելու։ Գրեթե բոլոր առանցքային կուսակցությունները  հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, ոմանք արդեն թեկնածու ունեն։ Նշենք, որ Գյումրիում եւ Վանաձորում քաղաքային իշխանության ընտրակարգը փոխվել է, բնակիչներն ընտրելու են ավագանի, ինչպես Երեւանում։ Սա բարդացրել է անկուսակցական թեկնածուների գործը, նրանք ստիպված պետք է լինեն առաջադրվել որեւէ կուսակցության ցուցակով։ Այսպիսով, ըստ շրջանառվող լուրերի՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն Սամվել Բալասանյանն է, թե այդ մասին դեռ պաշտոնապես չեն հայտարարում։

 Այսօր Գյումրի այցելած Հովիկ Աբրահամյանը խոսել է նաեւ պետական կառավարման համակարգում ծախսերի կրճատման մասին:  Վարչապետին դուր չեն գալիս խոսակցությունները, թե կրճատումները ձեւական բնույթ են կրում:

 Աղվեսները գրոհել են Գյումրին: Նրանք ամենուր են՝ փողոցներում, տների տանիքներին: Բնակիչները գիշերը վախեցած վեր են թռնում որսորդների  կրակոցներից:  Այսօր առավոտյան հերթական որսից հետո բնակիչներից մեկը հայտնաբերել է, որ իր տան պատուհանի ապակին կոտրված է, ինչը բնակչի համոզմամբ, կրակոցի հետեւանք է, իսկ սատկած աղվեսին գտել են ավտոտնակի կտուրին:

 Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանն անկախ երկիր է, եւ ռուսաստանցի պաշտոնյաների գործառույթների մեջ չի մտնում մեր հերոսներին գնահատական տալը՝ հայտարարել է Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Գարեգին Նժդեհի արձանը Երեւանում տեղադրելու առնչությամբ Ռուսաստանի քննադատությանը:  Նրա խոսքով՝ Նժդեհի ներդրումը անգնահատելի է, հենց նրա հեռատեսության շնորհիվ ենք մենք պահպանել Սյունիքը, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից:

Ոստիկանությունը ձերբակալել է Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Շահեն Գասպարյանին եւ երեւանցի 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին, որոնք կասկածվում են Երեւանում եւ հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:  Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ հունիսի 7-ին նրանք թալանել են գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի առանձնատունը՝ տանելով առանձնապես խոշոր չափերի թանկարժեք իրեր, այդ թվում՝ Ֆաբերժեի ձվեր: Գողոնի մի մասը հայտնաբերվել եւ առգրավվել է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նույն մարդիկ թալանել են նաեւ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի տունը:

Երեւանում կասկածելի ավտոմեքենայի հետապնդելիս ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել:  Դեպքը տեղի է ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհին գիշերը ժամը 03.00-ի սահմաններում: Ոստիկանական Hyundai մակնիշի ծառայողական ավտոմեքենան բախվել է տան ցանկապատին, ապա՝ հաստաբուն ծառին եւ շրջվել: Վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կողմնորոշվել է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցում: Մասնավորապես, առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել ընդամենը 2 եւ կես դրամով:Առաջարկը կքննարկվի հունիսի 15-ի նիստում: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

Օռլանդոյի գեյ ակումբում 50 մարդու սպանած Օմար Մաթինը, պարզվում է՝ ինքն էլ նույնասեռական է եղել Այս մասին պատմել է նրա նախկին կինը: Ավելին՝ նա երբեմն այցելել է այն ակումբ, որտեղ իրականացրել էր սպանդը:  Ամբողջ աշխարհում միջոցառումներ են անցկացվել Օռլանդոյի զոհերի հիշատակին: Նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպանության առջեւ Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մոմավառություն են իրականացրել:

 Նախօրեին Փարիզում Էյֆելյան աշտարակը լուսավորվել է ԼԳԲՏ հանրույթի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի ահաբեկչության զոհերի: Աշտարակի վրա ծածանվել է ԱՄՆ դրոշը։

Այսօր միայն դոլարի փոխարժեքն է աճել, մյուս արտարժույթներինը՝ աննշան նվազել են:Եվ այսպես դոլարի փոխարժեքը կազմել է 478, ռուբլունը՝  7.24, եվրոյինը՝ 536, իսկ ֆունտինը՝ 676 դրամ:

Երեւանում հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ