News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի հայտնի մարզական մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն NEWS.am-ին տված հարցազրույցում ներկայացրել է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության առաջին խաղերից տպավորությունները, որտեղ նրան չի ուրախացնում գոլերի ժլատությունը:

Վլադիմիր, ինչպե՞ս ես գնահատում խաղի մակարդակն առաջին հանդիպումներից հետո:

Առայժմ ոչ շատ բարձր, միջին մակարդակ է: Շատ թիմեր կան: Հյուսիսային Իռլանդիայի կամ Ալբանիայի հանդեպ հարգանքով հանդերձ, նրանք, իհարկե, պայքարում, բայց ընդհանուր մակարդակն այնքան էլ բարձր չէ: Այդ պատճառով կարծում եմ, որ փլեյ-օֆից առաջ հազիվ թե շատ հետաքրքիր լինի: Մյուս կողմից՝ հիմա էկրանին Շվեդիա-Իռլանդիա խաղն է: Չես ասի, որ շատ գերաստղեր կան, բայց այնտեղ պոչով եւ մեծ քթով մեկը կա, իհարկե՝ գերաստղ (Իբրահիմովիչ - խմբ.): Բայց, ընդհանուր առմամբ, չես ասի, որ աստղային թիմեր են: Չնայած ֆուտբոլը շատ հետաքրքիր է:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

 

Բայց քիչ գոլ են խփում: Պարզապես համեմատում եմ 2 տարի առաջվա՝ աշխարհի առաջնության խմբային փուլի հետ: Կրակոտ խաղեր էին, գոլերն էլ շատ էին, բարձր մակարդակի ֆուտբոլ էր: Ցավոք, առայժմ դա չկա:

Քո կարծիքով, խաղացողները հասցրե՞լ են սթափվել ակումբային ծանրաբեռնվածությունից:

Եթե նշենք, թե ինչպես խաղացին ֆրանսիացիները, դա նկատելի էր: Պոգբայի մոտ դեռեւս հոգեբանական դժվարություններ են նկատվում հավաքականում, բայց Գրիզմանը պարզապես գերհոգնած է երկար սեզոնից հետո:

Ցավոք, ակումբային ֆուտբոլը կազդի: Հավաքականների մակարդակով ֆուտբոլը դանդաղ է զիջում ակումբայինին: Սա է իրականությունը: Այն ինձ դուր չի գալիս, բայց հասկանում եմ, որ այնտեղ ավելի կայուն եւ մշտական բիզնես է: Կարծում եմ՝ խմբային փուլի վերջում ամեն ինչ ավելի լավ կլինի, եւ արդեն փլեյ-օֆում բոլորը կվազեն՝ ինչպես հարկն է:

Սովորաբար չես սիրում կանխատեսումներ անել: Բայց ո՞ր թիմերը կմատնանշես:

Գերմանացիներն իրենց լավագույն խաղը չանցկացրին, Ուկրաինայի հավաքականն առաջին խաղակեսում շատ լավ էր դիտվում եւ արժանապատիվ էր խաղում, բայց գերմանացիները ե՛ւ անփույթ էին հարձակումներում, ե՛ւ պաշտպանությունում իրենց շատ բան էին թույլ տալիս: Իսպանացիները վատը չէին, բայց չէի ասի, որ նախկինի պես սարսափ էին մրցակիցների համար: Իհարկե, դա թիմ է, որի հետ վստահ կարելի է խաղալ, բայց... Բելգիացիներին դեռ չենք տեսել: Այսօր երեկոյան կդիտենք Իտալիայի հետ խաղը (իտալացիները հաղթեցին 2:0 հաշվով - խմբ.): Առայժմ չէի ասի, որ ինչ-որ մեկը հրաշալի տպավորություն է թողել... Հավանաբար ամենաշատը՝ գերմանացիները:

Իսկ Ռուսաստանի հավաքակա՞նը:

Մենք դուրս եկանք բարոյակամային հատկություններով, որոշակի հաջողության եւ այն բան շնորհիվ, որ մեր վետերանները, առաջին հերթին՝ Վասիլի Բերեզուցկին, շատ լավ խաղ ցույց տվեց, կարողացանք փրկել Անգլիայի հետ խաղը: Բայց հարկավոր է ավելին անել: Մյուս կողմից, եթե հիմա հաղթենք Սլովակիային, 4 միավորը բավարար է փլեյ-օֆֆ դուրս գալու համար, իսկ Ռուսաստանի հավաքականի համար դա արդեն լավ ձեռքբերում է: Ինձ, ինչպես եւ բոլորին, այնքան էլ դուր չեկավ, թե ինչպես խաղացինք Անգլիայի հետ: Բայց կարողացանք հաշիվը հավասարեցնել, ուրեմն՝ կեցցենք:

Եվրոպական առաջնություններից ո՞րը քեզ ավելի շատ դուր եկավ:

Ի՞նձ: Իհարկե՝ 2008 թվականինը: Այդ ժամանակ Ռուսաստանի հավաքականը շատ լավն էր: Չնայած իսպանացիների հետ առաջին խաղում 1:4 հաշվով պարտվեցինք, հույների հետ էլ շատ լավ չխաղացինք:

Իսկ եթե խոսենք առաջնության մասին, ապա ինձ ավելի շատ դուր եկավ 4 տարի առաջ անցկացված մրցաշար: Այնտեղ ավելի հարմարավետ էր: Դե, իհարկե, հատուկ տպավորություններ եւ հիշողություններ կան Ավստրիայից եւ Շվեյցարիայից:

Ֆրանսիացիների կազմակերպչական աշխատանքի մասին ի՞նչ կասես:

Բոլորը բողոքում են, բայց ահա թե ինչ կասեմ: Ես ապրում եմ Սեն Դենիում եւ առանձնապես Փարիզ չեմ մեկնում, քանի որ վախենում եմ խնդիրներ ունենալ տրանսպորտի հետ եւ չկարողանալ հյուրանոց վերադառնալ: Կոնկրետ այստեղ՝ «Ստադ դե Ֆրանս»-ում, ամեն ինչ նորմալ է: Անվտանգության համակարգը... ստուգում են, բայց ճնշում չեն գործադրում:

Տրանսպորտը, կարծես, աշխատում է, բայց ես վաղը Լիլ եմ մեկնում, քանի որ Ռուսաստանի հավաքականը սլովակների հետ այնտեղ է խաղալու: Հույս ունեմ, գնացքները հուսախաբ չեն անի: Բայց հետո ստիպված եմ լինելու ամբողջ երկիրն անցնել եւ Տուլուզ հասնել:

... Դե, իհարկե, պակասում է նաեւ Հայաստանի հավաքականը: Բայց մյուս կողմից, եթե կա Ալբանիան, ինչո՞ւ չլինի Հայաստանը:

Նախադրյալներ կային, Հայաստանը բավական լավ թիմ ուներ, բայց այնպես ստացվեց, որ այժմյան սերունդ, իմ կարծիքով, այդպես էլ չցուցադրեց առավելագույն հնարավորությունները: Այսինքն՝ ավելին կարող էին անել: Վիճակահանության հարցում էլ փոքր-ինչ բախտները չի բերում, ամեն անգամ շատ ավելի ուժեղ է լինում: Այսինքն՝ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ կան: Եվրո 2012-ի ընտրական փուլից հետո, երբ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի հետ նույն խմբում էր, թվում էր, որ հավաքականն ավելի կանի: Բայց առայժմ, ցավոք, դա տեղի չունեցավ: Դե՝ մենք, ամեն դեպքում, ձեզ կսպասենք Աշխարհի առաջնությունում: Ո՞վ է ձեր խմբում: Ռումինիա՞ն:

Ռումինիա, Լեհաստան, Չեռնոգորիա, Ղազախստան, Դանիա...

Լեհերի թիմը վատը չէ, երեկ դիտեցի: Ռումինացիները նույնպես վատը չեն, լավ տպավորություն թողեցին: Դե՝ տեսնենք, հիմա չգուշակենք:

Բայց 2018 թվականի Աշխարհի առաջնությանը մեզ, ամեն դեպքում, սպասեք:

Իհարկե՝ սպասում ենք: Առավել եւս, որ Ռոստովում եւ Սոչիում նույնպես առաջնության խաղեր են անցկացվելու: Իսկ այնտեղ քաղաքի կեսը հայեր են: Մի խոսքով՝ տեսնենք, գուցե ամեն ինչ լավ լինի:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման հովանավորը UCOM ընկերությունն է:

Վերա Մարտիրոսյան, Փարիզ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ