Այս ընտրական օրենսգրքով խնդիրը վերաբերում է միայն քվերակության օրվան, թե դրանից առաջ ով ինչ ընտրակաշառք է տալիս, ով ինչ գործողություն է սպասարկում, այդ երեւույթն ամբողջ աշխարհում էլ կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե արդյոք ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո ՀՀԿ-ն այլեւս ընտրակաշառք չի՞ բաժանելու:
«Մենք որեւէ անգամ ընտրակաշառք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտենք` ով ինչ ընտրակաշառքներ է տվել»,-ասաց նա:
Իսկ ովքե՞ր են բաժանել ընտրակաշառք, հարցին էլ պատասխանեց. «Իհարկե երբեմն-երբեմն մեր միջից էլ մարդիկ կարող են լինել, որպեսզի իրենց անունը ավելի բարձր դասեն, փորձեն ինչ որ մի բան անել, բայց ընդհանուր առմամբ ես չեմ կարծում, որ որեւէ թիմ անցնում է ընտրակաշառքով»:
Դիտարկմանը, որ ընտրակաշառքի մասին իմանալ չհայտնելը հանցագործություն է. Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ես էնքան շատ բաներ գիտեմ, բայց որեւէ բան չեմ ասում, որովհետեւ եթե ես մի բան ասեմ, հետո էլ պիտի ընկնեմ ապացուցեմ, իսկ նման խնդիրները ապացուցելը շատ դժվար է: Ես ընդամենը ուզում եմ, որ մեր երկրում օրինավոր ընտրություններ անցկացվեն»:











