«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ուժային կառույցների ներկայացուցիչները «Սարդարապատ»-ի գրասենյակից բերման ենթարկում Ժիրայր Սեֆիլյանին:
Քննչական խմբի ղեկավարը խոսում է հեռախոսով եւ նոր խմբեր է հրավիրում գրասենյակ: Այնուհետ հրահանգում է դադարեցնել նկարահանումները:
Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանն իր ձերբակալությունից երեք ժամ առաջ գրառում է արել Facebook-ում: Նա լուսանկար է տեղադրել ու մեջբերել է Գարեգին Նժդեհի խոսքը. «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագորություն էր տարածել այն մասին, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:











