58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալված  Յուրի Հ.-ին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:  Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՔԾ-ից:

Յուրի Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով):

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Ավելի վաղ նույն գործով կալանավորվել էին  Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչներ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 23-ամյա Արտաշես Չիչոյանը եւ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը: